ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում բուռն, բայց կարճատև քննարկման առարկա դարձավ այն գրառումը, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-երաժիշտների նկարները: Պարզվեց, որ ոչ թե նկարներն են հեռացրել, այլ խնդրո առարկա պատին հուշաքար է եղել՝ զոհվածների անուններով: Շենքի վերանորոգման ժամանակ հուշաքարը հանել են, իսկ նորոգումից հետո այն չեն փակցրել նույն տեղում: Բայց միայն կոնսերվատորիայի պատի հարցը չէ: Դրանից ավելի վաղ էլ ավելի բուռն քննարկումների ու հանրային վրդովմունքի դրսևորման առիթ տվեց այն, որ սկսեցին ջնջվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Ապրիլ յան պատերազմի», նաև 44-օրյայի ժամանակ մեր զոհված տղաների նկարները: «Հաղթանակ» զբոսայգու արտաքին պատից էլ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի նկարի արտապատկերումը ջնջվեց: Հանրակրթական բազմաթիվ դպրոցներում վերացվում են «Փառքի անկյունները», որտեղ փակցված են այդ կրթօջախների նահատակված սաների նկարներն ու կարճատև կյանքի պատմությունը, մարտադաշտում գործած սխրանքը:

Ու այս բոլորըը մեծ «շղթայի» օղակներն են: Միայն պատերազմում զոհվածների կամ հերոսների նկարների ջնջումները չեն, որ վերածվել են պետական քաղաքականության ու մոտեցման: Ու խնդիրը միայն «նկար ջնջելը» կամ «Փառքի անկյուն» վերացնելը չէ:

Այն, ինչ կատարվում է իշխող միավորի՝ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի կողմից, պարզապես մեխանիկական գործողություն չէ: Առիթ ունեցել ենք նկատելու, որ իրականացվում է հիշողության և ազգային ինքնության համակողմանի ֆորմատավորման, ձևախեղման, բովանդակազրկման քաղաքականություն:

Բայց սա միայն նկար ջնջել չէ այլևս: Ձեզ թվում է, թե պատերազմում զոհվածների նկարնե՞րն են ջնջում: Ոչ: Ավելի ճիշտ՝ ոչ միայն: Ջնջում են ձեր տեսողական հիշողությունը: Ջնջում են հիշեցումը, որ եղել են պատերազմներ, եղել է դիմակայություն՝ ոսոխի ու նրա նկրտումների դեմ, եղել են հերոսության ու սխրանքի, անձնազոհության, անձնուրաց խիզախության դրսևորումներ: Իսկ հիշեցնել պատերազմների մասին՝ նշանակում է հիշեցնել նաև, թե ում վարած քաղաքականության հետևանքով բանը հասավ պատերազմի: Նշանակում է հիշեցնել նաև, որ ժամանակին հաղթել ենք նույն այն թշնամուն, որը հիմա բացահայտ ծաղրուծանակի է ենթարկում մեր ազգին, մեր հավատը, մեր պատմությունը և պատմամշակութային ժառանգությունը: Նշանակում է նաև հիշեցնել, որ թշնամին նույն թշնամին է, որ չեն փոխվել նրա նպատակադրումներն ու մեզ բնաջնջելու մղումները:

Իսկ այդ ամենը հիշող մարդիկ, բնականաբար, էլ ավելի շատ չեն հավատա «խաղաղության» թղթե, ավելին՝ անձեռոցիկե «շերեփիկին»: Այն պատրանքային «խաղաղությանը», որն այս իշխանության դրոշակն է: Այսինքն՝ հասարակության ու անհատների հիշողությունը, հիշելու կարողությունը տրամագծորեն հակադրվում են օրվա իշխանության նպատակներին:

Բայց շատ ավելի խորքային հանգամանքներ կան: Գործնականում ջնջվում է Արցախյան շարժման պատմությունը, ջնջվում են ամբողջ թվային արխիվներ, Արցախի գրեթե բոլոր պետական կայքերը ջնջված են, ջնջվում է Արցախի ազատամարտի հիշողությունը: Արցախի դրոշն ու զինանշանն ընդհանրապես ընկալվում է որպես իշխանության «աչքի փուշ»: Մեծ հաշվով, ջնջվում ու վերաշարադրվում է բուն Հայաստանի պատմությունը: Կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություններով են ներկայացվում թե՛ խոր անցյալում, թե՛ նաև տասնամյակներ առաջ կատարված դեպքերն ու իրադարձությունները, դրանց նշանակությունը: Խեղաթյուրվում է Հայոց ցեղասպանության հետ կապված պատմությունը, առհասարակ՝ ռևիզիոնիզմը գործող իշխանության հիմնական դրսևորումների շարքում է:

Այդ համատեքստում անհնար է շրջանցել նախօրեին Նիկոլ Փաշինյանի գրանցած հերթական «նվաճումը». նա ամենայն լրջությամբ ասում էր, որ պատմությունն այն է, ինչը պիտի լինի... ապագայում. «Պատմություն ասելով՝ նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»: Այսինքն՝ «պատմական հիշողությունը»... ապագայի մասին վերացական պատկերացումն է: Դա շատ, այսպես ասենք, «փաշինյանական» է: Թեպետ, գործիքակազմն առանձնապես նոր չէ: Դա մանիպուլ յատորների փորձված զենքերից մեկն է. նենգախեղել բուն հասկացությունը, խեղաթյուրել դրա բովանդակությունը, ապա հաղորդել նոր «բովանդակություն»:

Դե, եթե պատմությունն այն է, ինչ պիտի լինի ապագայում, ապա էլ ո՞ւմ է պետք Հայաստանի, հայ ժողովրդի մի քանի հազար տարվա պատմությունը: Սա է Փաշինյանի ասածի հիմնական ենթատեքստը:

Ու ջնջվում են զոհվածների նկարները: Ջնջվում է հերոսականության դրսևորման որևէ նշույլ: Պայքարի, ըմբոստության, ընդվզման, անհանդուրժողականության, չհամակերպվելու, քաջության, համարձակության, հերոսության ցանկացած դրսևորում, ըստ օրվա իշխանության «գաղափարաբանության», մերժելի է, անընդունելի, ջնջելի: Նույն ՔՊ-ի՝ պետական գաղափարախոսության մակարդակի հասցված մոտեցումը այն է, որ ազգային ոչ մի բան չպիտի մնա:

Ու այդ ամենը նոր չի սկսվել: Հիշենք. դպրոցական ծրագրից հանեցին «Հայ եկեղեցու պատմությունը»: «Հայոց պատմությունը» դարձրեցին «Հայաստանի պատմություն», «Հայ գրականությունը»... պարզապես գրականություն: Կարծում եք՝ դրանով ավարտվելո՞ւ է: Ո՛չ, դա սկիզբն է: Նախախաղը. երբ խաղաքարերը դասավորվում են այնպես, որ հարմար պահի «մատ» հայտարարվի:

Այսինքն, հարցն այն չէ, որ ինչ-որ մի իշխանական էսթետի դուր չեն եկել փոքր կենտրոնում անցումների պատերին զոհված տղաների դիմանկարներով գրաֆիտի-պատկերները: Ջնջումները շատ ավելի խորքայինի մասին են: Գործնականում ջնջվում է ոգին, ազգային ոգին: Ջնջվում է մարդուն մարդ պահող պատմական հիշողությունը, ջնջվում են ազգային ինքնության, ազգային նույնականացման բաղադրիչները: Իսկ փոխարենը «ներարկվում» է «տաշի-տուշի», «փառատոն-մառատոն», «ուտուշ-խմուշի», «ծափ-ծլնգոցի», «զանգ ու հուզանքի» ապագաղափարական «աջաբսանդալ»:

Ու սա մեծ ցավ է: Նախ՝ ցավ մեր բոլոր այն հայրենակիցների համար, որ իրենց երիտասարդ կյանքը դրեցին Հայրենիքի գոյության զոհասեղանին: Ցավ առ այն, որ այդ հերոսների, նահատակների արյունը սրանք ջուր են դարձնում, որ ամեն գնով ուզում են մոռանալ, որ նրանք եղել են ու կան: Մարդկանց սպանում են երկրորդ անգամ՝ վերացնելով նրանց անձնազոհության շնորհիվ եղած ձեռքբերումները:

Այն, ինչ կատարվում է հիմա, այսօր, էլ ավելի մեծ ցավ է հաջորդ սերունդների համար: Ի՞նչ են նրանք ունենալու հայրենիքի ու երկրի փոխարեն: Ի՞նչ են նրանք իմանալու սեփական ինքնության և ազգային նկարագրի, սեփական ժողովրդի պատմության, մշակույթի ու հարուստ քաղաքակրթական ժառանգության մասին:

Երբ ջնջվում է ոգին, գործնականում ջնջվում է զարթոնքի ու Վերածննդի ծիլը: Դե, մեր թշնամիների մշտական ցանկությունն է եղել. հայերին տեսնել եթե ոչ բնաջնջված, ապա նվաստացած, կամազուրկ, ըստ հնարավորության՝ սեփական պատմությունից, լեզվից ու հավատից զրկված կամ շատ աղոտ որոշ բաներ հիշող:

Այո, «մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը»: Ու հիշողությունը: Ու սեփական ժառանգությանը, պատմությանը տեր կանգնելը: Տեր կանգնելը, ոչ թե ջնջելը: Ջնջելը համարժեք է ինքնաջնջվելուն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular