Լավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «էներգետիկ հրադադարին»։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ հրադադարի վերաբերյալ հայտարարությունները։
Լավրովի պնդմամբ՝ Ուկրաինայի նախագահը փորձում է հրադադարի միջոցով ժամանակ շահել, վերականգնել ուժերը և Արևմուտքից նոր զինատեսակներ ստանալ։
«Չեմ կարծում, որ նա արժանի է այդ դադարին։ Չեմ կարծում նաև, որ մենք հերթական անգամ կհավատանք նրա երաշխիքներին ու խոստումներին։ Նախագահ Պուտինը հստակ ասել է՝ մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը։ Մենք երբեք չենք փոխել դրանք»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են անհապաղ դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։
Այսօր Վարշավայի անվտանգության համաժողովում Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան անմիջապես աջակցել է այդ նախաձեռնությանը, սակայն Ռուսաստանը շարունակել է հարվածները։
Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունից հետո ռուսական զորքերը հարվածել են Խարկովի էլեկտրակայանին և գազային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկին։