Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար եկել է նոր նախագահ ընտրելու ժամանակը։ Այս մասին նա ասել է Թենեսի մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «բազմիցս» հնարավորություն է ունեցել կարգավորելու հակամարտությունը, սակայն չի օգտվել այդ հնարավորությունից։
«Ես առաջարկում եմ նոր առաջնորդ գտնել, որը կկարողանա գործարք կնքել։ Նա (Զելենսկին) կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով երբեք դա չի արել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև պնդել է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահը ցանկանում է խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար։
«Նա ցանկանում է մեր ֆերմերների համար դիզելային վառելիքի հետ կապված խնդիրներ ստեղծել, քանի որ Ռուսաստանը դիզելային վառելիքի համաշխարհային մատակարարումների զգալի մասն է ապահովում»,- ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայից պահանջել է հարվածներ չհասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին, սակայն, նրա խոսքով, Զելենսկին «անում է այն, ինչ ցանկանում է»։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2024 թվականի մարտի վերջին, սակայն ռազմական դրության պատճառով չեն կայացել։ Զելենսկու նախագահական լիազորությունների հնգամյա ժամկետը լրացել է նույն տարվա մայիսին։ Այդ ժամանակից ի վեր Մոսկվան նրան համարում է ոչ լեգիտիմ նախագահ։