ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2027 թվականից բնակչության հաշվառման նոր կարգ կգործի․ ինչ կփոխվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի բնակչության հաշվառման նոր կարգ, որով նախատեսվում է տարբերակել անձի հիմնական և ոչ հիմնական հասցեները։ Հիմնական հասցեն կկապվի անձի մշտական բնակության վայրի հետ և կօգտագործվի, մասնավորապես, բնակության վայրով պայմանավորված հանրային ծառայությունների մատուցման, ընտրողների ռեգիստրի վարման և ընտրողների ցուցակների կազմման համար։ Ոչ հիմնական հասցեն նախատեսված կլինի պաշտոնական ծանուցումներ կամ որոշ հանրային ծառայություններ ստանալու նպատակով։

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել բնակչության հաշվառման, հասցեների գրանցման, փոփոխման և գրանցման դադարեցման միասնական ընթացակարգեր։

Հիմնական և ոչ հիմնական հասցեներ․ ո՞րն է տարբերությունը

Նախագծով նախատեսվում է բնակչության պետական ռեգիստրում հաշվառել երկու տեսակի հասցե՝ հիմնական և ոչ հիմնական։

Հիմնական հասցեն անձի հայտարարած մշտական բնակության վայրն է։ Այն կօգտագործվի բնակության վայրով պայմանավորված հանրային ծառայությունների մատուցման, ընտրողների ռեգիստրի վարման, ընտրողների ցուցակների կազմման և օրենքով նախատեսված այլ դեպքերում։ Յուրաքանչյուր անձ կարող է ունենալ մեկ գործող հիմնական հասցե։

Ոչ հիմնական հասցեն նախատեսվում է որպես լրացուցիչ հասցե, որը կարող է օգտագործվել պաշտոնական ծանուցումներ ստանալու կամ որոշ հանրային ծառայություններից օգտվելու նպատակով։ Այն չի նույնացվի անձի մշտական բնակության վայրի հետ։

Յուրաքանչյուր ոչ հիմնական հասցեի համար շտեմարանում կնշվի նաև դրա օգտագործման նպատակը։

Ինչպե՞ս կգրանցվեն կամ կփոխվեն հասցեները

Հիմնական և ոչ հիմնական հասցեների գրանցումը, փոփոխումը և գրանցման դադարեցումը նախատեսվում է իրականացնել տեղեկատվական մուտքի հարթակի կամ լիազոր մարմնի միջոցով։

Այսպիսով, հասցեի հետ կապված գործողությունները հնարավոր կլինի կատարել էլեկտրոնային եղանակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմելով համապատասխան լիազոր մարմնին։

Նախագծով նախատեսվում է նաև տվյալների ինքնաշխատ ստուգման մեխանիզմ։ Մասնավորապես, հասցեի գրանցման կամ փոփոխման ընթացքում Կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգի միջոցով կարող են ստուգվել անձի՝ տվյալ գույքի նկատմամբ սեփականության, համասեփականության, գնման կամ օգտագործման իրավունքները։

Եթե համապատասխան իրավունքը հաստատվում է համակարգի տվյալներով, հիմնական հասցեի գրանցումը կարող է իրականացվել առանց լրացուցիչ համաձայնություն պահանջելու։

Ի՞նչ կլինի, եթե անձը գույքի սեփականատեր չէ

Եթե անձի՝ տվյալ հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքը չի հաստատվում համապատասխան տեղեկատվական համակարգի տվյալներով, նախատեսվում է սեփականատիրոջ կամ այլ իրավասու անձի ներգրավման ընթացակարգ։

Այս դեպքում պետք է հաստատվի անձի փաստացի բնակվելը տվյալ հասցեում։

Նախագծի նպատակն է մի կողմից ապահովել անձի բնակության վայրի ճշգրիտ հաշվառումը, մյուս կողմից՝ պաշտպանել գույքի սեփականատիրոջ իրավունքներն ու օրինական շահերը։

Ինչպե՞ս կգրանցվեն անչափահաս երեխաների հասցեները

Նորածին երեխայի առաջին հիմնական հասցեն գրանցելիս հիմք կընդունվեն ծնողների հիմնական հասցեների վերաբերյալ պետական ռեգիստրում առկա տվյալները։

Եթե ծնողների հիմնական հասցեները տարբեր են, նախատեսվում է մյուս ծնողին ծանուցելու և նրա դիրքորոշումը հաշվի առնելու ընթացակարգ։

Միաժամանակ, նախագծով նախատեսվում են դեպքեր, երբ մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվի։ Դրանցից է երեխայի բնակության վայրը որոշող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։

Այս կարգավորումներով նախատեսվում է հստակեցնել երեխայի հիմնական հասցեի գրանցման և փոփոխման գործընթացը։

Ի՞նչ կարգավորում է նախատեսվում հատուկ իրավիճակներում գտնվող անձանց համար

Նախագծով առանձին կարգավորումներ են նախատեսվում զորակոչված, քրեակատարողական հիմնարկում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստացած անձանց հասցեների հաշվառման համար։

Այս դեպքերում համապատասխան մարմինները կամ կազմակերպությունները լիազոր մարմնին կներկայացնեն անհրաժեշտ տվյալները, որոնց հիման վրա կիրականացվեն հասցեի գրանցումը, փոփոխումը կամ տվյալ հասցեում գրանցման դադարեցումը։

Ինչպե՞ս կպաշտպանվեն գույքի սեփականատերերի իրավունքները

Նախագծով նախատեսվում է գույքի սեփականատիրոջը հնարավորություն տալ տեղեկանալու իր գույքի հասցեում գրանցված անձանց վերաբերյալ անհրաժեշտ նվազագույն տվյալներին։

Դրանք են՝ անձի անունը, ազգանունը, հասցեի տեսակը և գրանցման ամսաթիվը։

Բացի այդ, սեփականատերը կարող է նախաձեռնել իր գույքի հասցեում գրանցված ոչ հիմնական հասցեի գրանցման դադարեցումը։

Հիմնական հասցեի դեպքում ևս նախատեսվում է գրանցումը դադարեցնելու գործընթացի նախաձեռնման հնարավորություն։ Սակայն այս դեպքում պետք է ծանուցվի գրանցված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, և նրան հնարավորություն տրվի ներկայացնելու իր դիրքորոշումը։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է սահմանել ինչպես սեփականատիրոջ՝ իր գույքի հասցեում գրանցված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու, այնպես էլ հասցեի գրանցման դադարեցման գործընթաց նախաձեռնելու մեխանիզմներ՝ հաշվի առնելով նաև գրանցված անձի իրավունքները։

Ե՞րբ նոր կարգը կմտնի ուժի մեջ

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի պահանջների հիման վրա։

Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Մինչև այդ պահը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձինք կշարունակեն մնալ հաշվառված, իսկ նրանց մշտական կամ փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի հասցեն շտեմարանում կգրանցվի որպես հիմնական հասցե։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հասցեների հաշվառման միասնական և թվայնացված համակարգի ներդրում, տվյալների ճշգրտության բարձրացում և հասցեների օգտագործման հետ կապված ընթացակարգերի հստակեցում։

Նշում․ խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է։ Նշված կարգավորումները ներկայացնում են նախագծով առաջարկվող փոփոխությունները և չպետք է դիտարկվեն որպես արդեն գործող իրավական պահանջներ,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular