«Բնակիչներից մեկն է գյուղի կենտրոնում տեսել այդ մարդուն, որն անհետացել է». Ասում է Մեղրիի համայնքապետի ժ/պ-ն. ԱԱԾ-ն հերքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ 24 news լրատվականը գրել էր, որ Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են քաղաքացիական հագուստով երեք անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներ են եղել: Նրանց հետ զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները:
Մեղրիի համայնքապետի պարտականությունները կատարող Արտավազդ Արզումանյանը 168.am-ին փոխանցեց, որ դեպքի մասին առավոտյան են լսել, և այս պահին դեռևս որևէ պաշտոնական հաստատում կամ հստակեցում չկա։
«Մենք դիմել են համապատասխան մարմիններին, իհարկե, բանավոր, որևէ մեկը դեռ չի հաստատել, որևէ արձանագրում չեն արել։ Բնակիչներից մեկն է գյուղի կենտրոնում մարդու տեսել, ասում են՝ զինվորական համազգեստով, որն անհետացել է։ Կարող է լինել նաև տարբերակ, որ մեր զինվորներից մեկին են տեսել ու շփոթել են, չգիտեմ։
Դե, համապատասխան մարմինները տեղյակ են, հիմա համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, մանրամասն ներկայացվել է, թե գյուղի որ հատվածում են տեսել։ Ամեն դեպքում մեզ ասել են՝ դեռ անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ կստուգեն։ Մեզ այս պահին բան չեն ասել, մենք էլ սպասում ենք պատասխանի»,- նշեց Արտավազդ Արզումանյանը։
168.am-ին էլ ԱԱԾ մամուլի բաժնից կարճ ասացին.
«Այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, ապատեղեկատվություն է»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։
Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։