«Արևմուտքը պահանջո՞ւմ է վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի և Ռուսաստանի միջև. Երևանը Փաշինյանի դեպի ԵՄ շրջադարձի ֆոնին բարդ ընտրության առջև է»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸստ հայկական լրատվամիջոցների՝ կառավարական աղբյուրների վկայակոչմամբ, Երևանի արևմտյան գործընկերները պահանջում են, որ Հայաստանը որպես ԵՄ-ի հետ հետագա մերձեցման պայման Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանի, գրում է pravda.ru–ն։ Այնուամենայնիվ, այդ պահանջը պաշտոնապես չի հաստատվել. այն բացակայում է ԵՄ-ի կողմից հրապարակված վիզային ռեժիմի ազատականացման ծրագրում, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը մտադրություն չունի վիզաներ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար։
Այնուամենայնիվ այս տեղեկությունը հայտնվել է Փաշինյանի Եվրոպական միությանը մերձենալու հետևողական քաղաքականության ֆոնին։ Վարչապետը նպատակ ունի մինչև 2029 թվականն ապահովել դեպի ԵՄ առանց վիզայի ռեժիմի անցումը և նախադրյալներ է ստեղծում ԵՄ–ին անդամակցության հնարավոր հայտի համար։ Միևնույն ժամանակ, առանց վիզայի ռեժիմը և ԵՄ-ին անդամակցությունը տարբեր գործընթացներ են, ներկայումս Հայաստանի հնարավոր անդամակցության համար հստակ ժամկետ սահմանված չէ։
Հետևաբար, Հայաստանը կարող է հայտնվել չափազանց բարդ երկընտրանքի առջև։ Մի կողմից ռուսաստանցիների համար վիզաների սահմանումը կարող է բարդացնել Մոսկվայի հետ հարաբերությունները, սահմանափակել մարդկանց միջև շփումները և վնասել տնտեսական կապերին։ Մյուս կողմից այդ քայլից հրաժարվելը կարող է կասեցնել եվրոպական ինտեգրումը, եթե, իհարկե, վիզային ռեժիմի սահմանումն իսկապես արևմտյան գործընկերների կողմից առաջ քաշված ոչ պաշտոնական պայմաններից մեկն է։
Դեպի Եվրոպա այս շրջադարձի գինը կարող է զգալի լինել նաև տնտեսական առումով։ Ներկայումս ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ 2025 թվականին միության անդամ երկրներ հայկական արտահանման ծավալը կազմել է մոտ 3,2 միլիարդ դոլար։ Իսկ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ լիարժեք անդամակցելը գործնականում անհամատեղելի է մաքսային և առևտրային ռեժիմների տարբերության պատճառով, և Փաշինյանն ինքն էլ է ընդունում, որ եվրոպական ուղեգիծը ԵԱՏՄ-ի մասով առաջացնում է ընտրության ճգնաժամ: Առայժմ Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը փաստացի երկիրը մղում է դեպի ԵՄ-ի օգտին կատարվելիք այդ ընտրությունը, թեև դրա հետևանքները Հայաստանի համար անորոշ են։ Երևանը ձգտում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և մուտք գործել եվրոպական շուկա, սակայն ԵՄ-ի ընձեռած օգուտները ընդամենը դեռևս ապագայի հեռանկարներ են։ Մինչդեռ ԵԱՏՄ-ի, ռուսական շուկայի և հայ աշխատանքային միգրանտների համար առկա հնարավորությունների տված առավելություններն արդեն իսկ իրականություն են։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am