Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸստ տնտեսագետ Աղասի Թավադյանի Ռուսաստանից նավթամթերքի մատակարարումների կրճատումը գործոն է դարձել Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գների աճի համար, գրում է rosbalt.ru–ն։ Նա գնահատել է, որ վաառելիքի ներկրումը դեպի Սև ծովի տարածաշրջանի երկրներ տեղափոխելը հայկական շուկան ավելի խոցելի է դարձրել գների համաշխարհային տատանումների նկատմամբ։ «Սև ծովի տարածաշրջանի երկրների մասնաբաժինն աճում է. ըստ էության, մենք ռուսական բենզինը (որը ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակում պետք է Հայաստան ներկրվեր առանց մաքսատուրքի ընդհանուր շուկայի պայմաններում) փոխարինել ենք Սև ծովի ավազանի երկրներից ստացվող վառելիքով և այժմ այն ձեռք ենք բերում միջազգային գներով», - նշել է Թավադյանը։ Փորձագետի տվյալներով 2023 թվականին Հայաստան ներկրվող բենզինի մոտ 90%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, մինչդեռ 2026 թվականին այդ ցուցանիշը նվազել է հասնելով մոտ 20%-ի։ Մինչև տարեվերջ այն կարող է նվազել մինչև 16–17%, ընդ որում հանրապետության վառելիքի հիմնական մատակարար է դառնում Բուլղարիան, գնումներ են կատարվում նաև Ռումինիայից, Թուրքիայից, Բելգիայից և Ադրբեջանից։ Նմանատիպ միտում է նկատվում նաև դիզելային վառելիքի դեպքում. եթե 2023 թվականին Ռուսաստանն ապահովում էր Հայաստան ներկրվող դիզվառելիքի մոտ 56–60%-ը, ապա այժմ այդ մասնաբաժինը գնահատվում է 30–32%։ Թավադյանը ռուսական մատակարարումների նվազումը կապում է վառելիքի արտահանման սահմանափակումների և Ռուսաստանի ներքին պահանջարկի բավարարմանն առաջնահերթություն տալու հանգամանքի հետ։ Այս փոփոխությունների ֆոնին Հայաստանում վառելիքի մանրածախ գները հասել են ռեկորդային մակարդակի։ Տնտեսագետը նախազգուշացրել է, որ դիզելային վառելիքի թանկացումը կարող է ուժեղացնել գնաճային ճնշումը, քանի որ այդ վառելիքն օգտագործվում է գյուղատնտեսության, շինարարության, բեռնափոխադրումների և տնտեսության այլ ոլորտներում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am