Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻրանը պահանջել է, որ Հայաստանը թույլ չտա ԱՄՆ զինվորական անձնակազմին պահպանել «Թրամփի երթուղին»: News.am-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, Թեհրանը պնդում է, որ նախագծի անվտանգությունն ապահովեն հայկական զինվորականները կամ Հայաստանում արդեն տեղակայված երրորդ երկրի «զինված ուժերը»՝ ենթադրաբար նկատի ունենալով ռուս խաղաղապահներին, գրում է sevastopol.su–ն։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ Իրանը ստիպված է հաշվի առնել այդ նախագիծը, քանի որ այն առնչվում է իր անվտանգության շահերին։
TRIPP-ը նախատեսում է տրանսպորտային, էներգետիկ և կապի ենթակառուցվածքների կառուցում, որոնք Ադրբեջանի հիմնական տարածքը կկապեն Նախիջևանի հետ։ Երկու տարածքների միջև ցամաքային կապն ընդհատվել էր Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Երկարաժամկետ հեռանկարում TRIPP-ը պետք է դառնա ավելի լայն Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի մաս։ Նախագիծն արդեն ազդեցություն է ունենում Երևանի տրանսպորտային քաղաքականության վրա։ Այն կարող է կապված լինել Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունների հետ, որոնք վերաբերում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագրի հնարավոր դադարեցմանը. վերջինս «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է և կառավարում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը դրա պահպանման և արդիականացման մեջ ներդրումներ կատարելու դիմաց։
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղային հարցերի շուրջ, և որ պայմանագրի բոլոր պայմանները կատարվում են համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։ «Պայմանագրում հստակ ամրագրված են բոլոր պայմանները, այդ թվում դադարեցման, չեղարկման, պարզաբանման, զարգացման և երկարաձգման հարցերը։ Այդ բոլոր հարցերը մանրամասն նկարագրված են պայմանագրում, և մենք խստորեն հետևելու ենք այդ դրույթներին»,- ասել է Բելոզյորովը։
Նոր միջանցքն ազդում է ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների, այլ նաև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և ԵԱՏՄ անդամ պետությունների շահերի վրա։ Տարածաշրջանում առևտրային հոսքերն ու տնտեսական կապերը կարող են կախված լինել նրանից, թե ով է վերահսկում այդ ենթակառուցվածքը և ապրանքների տեղաշարժը կարգավորող կանոնները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am