ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, զուսպ երեխա էր։ Աղմկոտ չի եղել։ Չէր սիրում, երբ բարձր ձայնով էին խոսում։ Փոքր ժամանակ մի փոքր բարձր ձայնից կարող էր ձեռքերով ականջները փակել և ասել՝ կամաց։ Հիմա նույն կերպ նաև փոքր տղաս է։ Շատ ընկերասեր էր, ծնողասեր, հարգանքով։ Երբեք միայնակ սեղան չի նստել։ Սպասում էր մինչև տուն գայինք, որ միասին ընթրեինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերի մայրիկը՝ տիկին Նազիկը։

Մհերը ծնունդով Էջմիածին քաղաքից է։ «Մհերս մեծացել է Զվարթնոց թաղամասում։ Մինչև երրորդ դասարանը հաճախել է թիվ 10 դպրոցը, այնուհետև տեղափոխվեցինք Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղ։ Տղաս արդեն սկսեց հաճախել Ոսկեհատի միջնակարգ դպրոցը։ Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, բայց հրաշալի հիշողություն ուներ։ Գիրքը կարող էր չբացել, բայց դպրոցում դասը պատասխաներ, բարձր գնահատական ստանար և տուն գար։ Շատ էր սիրում «Պատմություն» առարկան։ Զուգահեռ հաճախում էր նաև երաժշտական դպրոց՝ դուդուկի բաժին։ Անսամբլում էր նվագում։ Ցանկանում էինք, որ դուդուկահար դառնա։ Բայց երաժշտական դպրոցի չորրորդ դասարանում ասաց. «Սա ձեր երազանքն է, իմը չէ։ Դուդուկը շատ եմ սիրում, բայց դա իմը չէ, ես ուզում եմ կրթությունս ռազմական գծով շարունակել»: Մենք դեմ էինք իր այդ ցանկությանը։ Ես Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն էի վերցրել, որ այնտեղ ուսումը շարունակի, բայց իմ տղան իր որոշումն արդեն կայացրել էր»։

Արդյունքում Մհերն ուսումը շարունակում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ «Լավագույն սաներից մեկն էր։ Սպայի կեցվածք ուներ, բարձրահասակ էր, վարժարանն իրեն ավելի կոփեց։ Այնքան հետևողական էր իր համազգեստի նկատմամբ։ Զինվորական ուղին էր ընտրել։ Ասում էր՝ Հայոց բանակը պետք է ունենա կրթված սպաներ, կիրթ սպաների շնորհիվ մեր բանակը կհզորանա։ Եվ վարժարանում արդեն շատ ավելի լավ էր սովորում։ Նշում էր, որ իրենց դասախոսները «քայլող հանրագիտարաններ» են։ Ափսոսում էր, որ գուցե դպրոցում մի բան պակաս է սովորել։ Չնայած վարժարանից մի քանի անգամ զանգահարել են իր դպրոց և շնորհակալություն հայտնել Մհերիս կրթության և դաստիարակության համար։ Այնքան հայրենասեր էր, իր երկրի հանդեպ այնքան ուշադիր անգամ մանրուքների հարցում։ Հանկարծ շփոթվեիր և ձեռքումդ եղած թղթի կտորը փողոցում գցեիր, մի մեծ խոսակցություն կդառնար։ Ասում էր. «Եթե դուք եք ձեր երկրի հանդեպ այդպես վարվում, բա մնացածն ինչեր կանեն»։ Մեկ անգամ փոքր տղաս ուզում էր թուղթը գետնին գցել, Մհերս աչքիս առաջ եկավ, անմիջապես հիշեցի իր խոսքերը»։

2020 թվականի հուլիսի 7-ին Մհերը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Այդ օրն եմ վերջին անգամ գրկել իմ երեխային։ Չէի կարողանում նրան գրկիցս բաց թողնել։ Իմ ներսում վախ կար, աննկարագրելի զգացողություն էր։ Տղաս 40 օր մնաց «Մարտունի-2»-ում, կարանտին էր, հետո իրենց տեղափոխել են «Արա լեռ»։ «Մարտունի-2»-ում տեղի էր ունեցել իր երդմնակալության արարողությունը, որին մենք ներկա չենք գտնվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամուսինս տուն մտավ՝ երեխուն գտիր, պատերազմ է։ Չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Զանգում էի Մհերիս, անհասանելի էր։ Որևէ կերպ չէի կարողանում իր հետ կապ հաստատել։ Չորրորդ օրը նոր միայն կապի դուրս եկավ։ Առաջին հարվածները նաև իրենց զորամասն է իր վրա վերցրել։ ԱԹՍներն օդում կախված են եղել։ Նա մեզ ոչինչ չէր պատմում, չէր ասում, որ մասնակցում է ռազմական գործողություններին, իր խոսքն էր. «Ամեն ինչ մեզանից հեռու է, մենք բունկերներում ենք»։ Երբ հարցնում էի՝ Մհե՛ր ջան, որտե՞ղ ես, արձագանքում էր. «Մա՛մ, ամեն ինչ գիտես, մենակ դա՞ չգիտես»: Ինձ, ինչպես ասում են, հրահանգել էր. «Մամա՛ ջան, դու ինձ չզանգես, ես քեզ կզանգեմ»։ Բայց մի անգամ զանգեցի, ընկերը պատասխանեց։ Հարցնում եմ՝ Արմա՛ն ջան, Մհերս ո՞ւր է։ «Սնարյադ ենք կրում, Մհերը հեռու է, կասեմ, կզանգի»։ Զարմացա՝ դուք բունկերներում չե՞ք։ Այնքան անկեղծ պատասխանեց՝ ի՞նչ բունկեր»։

Մհերի և մայրիկի վերջին զրույցը հոկտեմբերի 10-ին էր։ «Ժամը մեկի կողմերն էր, զանգահարեց։ Քար լռություն էր, երբևիցե նման լռություն չէր եղել։ Իր քույրիկին ասում էր՝ «մի հատիկ»։ Զրույցի ժամանակ շեշտեց. «Մամա՛, իմ «մի հատիկին» լավ կնայես, պապային լավ կնայես, քեզ լավ կնայես։ Մամա՛, մեռնեմ ձեր սրտին, ձեզ լավ նայեք»։ Չէի հասկանում, թե ինչու է նման բաներ ասում։ Հենց այդ օրն էլ ժամը չորսի կողմերը դեպքը եղել է»։

Մհերն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականի և Իվանյանի (Խոջալու) միջանկյալ հատվածում։ «Նախորդ օրը մեծ վնասներ էին հասցրել հակառակորդին։ Հոկտեմբերի 10-ին հրադադար էր։ Հավաքել էին զենք-զինամթերքը, իրենց մեքենան փչացել էր, տեղավորվել էին մի մեքենայի մեջ։ Մեքենայի մեջ յոթ տղա են լինում, չորսը՝ վերևի հատվածում, երեքը՝ ներսում։ ԱԹՍ-ն հարվածում է, չորս տղաները զոհվում են։ Հաջորդ օրը նոր միայն տղաներին կարողանում են դուրս բերել։ Դեկտեմբերի չորսին միայն ԴՆԹ հետազոտության միջոցով գտանք մեր տղային։ 56 օր իմ Մհերին էի փնտրում։ Այնքան նպատակներ ուներ Մհերս։ Տունը նոր էինք գնել, իր աշխատանքով տանն ահագին գործ արեց, ասաց. «Դուք մի քանի բան արեք, մնացածն էլ ես զորացրվելուց հետո ավարտին կհասցնեմ»։ Անսահման սիրում էր իր քրոջը։ Շատ մտերիմ քույր ու եղբայր էին, կարող էր կոնֆետը չուտել, պահել քրոջ համար։ Ամեն ինչ ուզում էր անել նրա համար։ Աստվածաբանություն էր ուսումնասիրում։ Հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ էր։ Կրթության հետ կապված մեծ պլաններ ուներ։ Այս ամենը կիսատ մնաց, տղայիս բոլոր երազանքները կիսատ մնացին»։

Հիմա այս ընտանիքում փոքր Մհերն է մեծանում։ «Երբեք չեմ ցանկացել երկու տղաներիս համեմատել, բայց իրենք այնքան նման են՝ բնավորությամբ, շարժուձևով, արտաքինով, ամեն ինչով։ Միայն աչքերի կառուցվածքով նման չեն։ Կարծես Մհերս փոքր Մհերիս բերանով խոսի։ Խավարի մեջ լույս տվողը դարձավ։ Շատ դժվարությամբ որոշում կայացրեցի կրկին մայրանալու, մտածում էի, որ այդ կերպ դավաճանում եմ իմ Մհերին։ Բայց ամուսինս ու աղջիկս ինձ համոզեցին գնալ այդ կարևոր քայլին»։

Ապրելու ուժի մասին. «Մհերս իմ համար ամեն ինչ էր՝ եղբայր, ընկեր, տղա։ Ամեն հարցում իրար հետ կիսվում էինք։ Նա գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց, ես միայնակ մնացի։ Մինչև հիմա աչքս դռանն է, գիտեմ, թե հիմա տղաս պետք է դուռը բացի և ներս մտնի»։

Հ. Գ. - Մհեր Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Մուսալեռի Պտղունքի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular