Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳեղարվեստական մարմնամարզությունը (ռուսերեն художественная гимнастика, անգլերեն rhythmic gymnastics) սպորտի և արվեստի համադրություն է։ Մարզիկը երաժշտության ուղեկցությամբ կատարում է խորեոգրաֆիկ, մարմնամարզական և ակրոբատիկ տարրեր միաժամանակ կառավարելով հատուկ մարզագույքը։
Ժամանակակից գեղարվեստական մարմնամարզության հիմնական մարզագույքերն են oղակը, գնդակը, ժապավենը, գուրզերը և պարանը: Այն բնութագրում է որպես մարզաձև, որը մեծ ազդեցություն է կրել բալետից և ժամանակակից պարից։ Կարևոր են ճկունությունը, երաժշտական մեկնաբանությունը, մարմնի վերահսկողությունը և մարզագույքի հետ բարդ գործողությունները։
Գեղարվեստական մարմնամարզությունը մեկ օրում և մեկ մարդու կողմից չի ստեղծվել։ Դրա ձևավորման վրա ազդել են մարմնամարզությունը, պարարվեստը, բալետը և տարբեր առարկաներով շարժումների մշակույթը։ Օրինակ գնդակով խմբային շարժումների պատկերներ հայտնի են դեռևս Հին Եգիպտոսի մշակույթից։ Նաև հին հունական աղբյուրներում են նշվում գնդակով խաղերի և պարային գործողությունների հիշատակումներ։ Սակայն դրանք ժամանակակից գեղարվեստական մարմնամարզություն չէին, այլ ավելի հեռավոր նախատիպեր։
XIX դարի վերջին և XX դարի սկզբին Եվրոպայում տարածվել են մարմնամարզության նոր դպրոցներ։ Հատկապես կարևոր էին շվեդական, գերմանական և ֆրանսիական մարմնամարզական համակարգերը։ Դրանք էլ աստիճանաբար սկսեցին ներառել երաժշտություն, ռիթմիկ շարժումներ, պարային տարրեր և խմբային վարժություններ։
Այս բոլոր գաղափարների միավորումն էլ հետագայում դարձավ գեղարվեստական մարմնամարզության ձևավորման հիմքերից մեկը։ Ընդ որում XX դարի առաջին կեսին գեղարվեստական մարմնամարզության զարգացման գլխավոր կենտրոններից մեկը Խորհրդային Միությունն էր։ 1946 թվականին էլ այն ԽՍՀՄ-ում դարձել է ինքնուրույն մարզաձև «Գեղարվեստական մարմնամարզություն» անվամբ։ Այդ սպորտաձևի պատմության մեջ մեծ դեր է ունեցել նաև Բուլղարիան։ 1951 թվականին Բուլղարիայում ձևավորվել էր մարզաձևի սեփական դպրոցը, որը տարբերվում էր խորհրդային մոտեցումից։ Եթե խորհրդային դպրոցը մեծ ուշադրություն էր դարձնում դասական պարին և շարժումների գեղեցկությանը, ապա բուլղարական դպրոցը հատկապես զարգացրել էր ռիսկային տարրերը՝ նետումներ, արագ բռնումներ և ավելի բարդ գործողություններ մարզագույքով։
Գեղարվեստական մարմնամարզության համար հսկայական նշանակություն է ունեցել 1963 թվականը։ Այդ տարի Բուդապեշտում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության առաջին աշխարհի առաջնությունը։ Նույն թվականին էլ այն պաշտոնապես դարձել է FIG-ի առանձին մարզաձև։ Գեղարվեստական մարմնամարզությունը Օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրում հայտնվել է 1984 թվականին՝ Լոս Անջելեսում։ Սկզբում Օլիմպիական խաղերում գեղարվեստական մարմնամարզությունը ներկայացված էր միայն անհատական մրցումով, ապա 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում ավելացավ խմբային մրցումը։ Խմբային վարժություններում մի քանի մարզուհիներ պետք է գործեն գրեթե որպես մեկ օրգանիզմ՝ կատարելով միաժամանակյա շարժումներ, փոխանցումներ և մարզագույքի փոխանակումներ։
Հայաստանում գեղարվեստական մարմնամարզությունը գործող մարզաձև է և ունի մարզիկներ, մարզիչներ ու մարզական կառույցներ։ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի ազգային ֆեդերացիաների ցանկում ներկայացված է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, որի գործունեության ոլորտների մեջ ընդգրկված է նաև գեղարվեստական մարմնամարզությունը։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գործունեությունը ներառում է մի քանի ուղղություններ, այդ թվում՝ գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, ակրոբատիկա, բատուտային մարմնամարզություն։

Կ.Խաչիկյան