Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏասնամյակներ շարունակ Հայաստանը, ինչպես և հետխորհրդային շատ այլ պետություններ, հետևում էր մի չգրված քաղաքական կանոնի. պաշտոնը թողնող պետության ղեկավարներին շնորհվում էր բացարձակ անձեռնմխելիություն։ Նիկոլ Փաշինյանը դարձել է երկրի առաջին ղեկավարը, ով արմատապես խախտել է այդ ավանդույթը։ Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև ձերբակալություններն ու ակտիվների բռնագրավման գործընթացները կտրուկ փոխել են քաղաքական պատկերը. իշխանությունները այդ քայլերը ներկայացնում են որպես 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» մանդատի իրականացում, մինչդեռ ընդդիմությունը դրանք դիտարկում է որպես սեփականության վերաբաշխման և քաղաքական հաշվեհարդարի գործիքներ, գրում է dw.com–ը։
Քրեական հետապնդումների նոր ալիք է սկսվելց 2026 թվականի օգոստոսին՝ խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս անց. ընտրություններ, որոնք շատ փորձագետներ բնութագրել են որպես ամենալարվածը ներքաղաքական հակամարտության և փոխադարձ մեղադրանքների սրության առումով։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակը, ձերբակալվել են երկու ամիս ժամկետով։ Քննիչները պետության նախկին ղեկավարին մեղադրանք են առաջադրել այնպիսի արարքների համար, ինչպիսիք են «պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և նախագահության ընթացքում փողերի լվացումը»։ Նրա որդին ևս ներգրավված է նույն քրեական գործընթացում, ընդ որում դատարանը սահմանափակել է նաև նրա այցելություններ ունենալու իրավունքը։
Գրեթե միաժամանակ Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել ևս ինը անձի նկատմամբ կապված այդ գործի հետ։ Նրանց թվում է երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կաշառք ստանալուն օժանդակելու» մեջ։ Որպես խափանման միջոց Սարգսյանի նկատմամբ կիրառվել է երկրից չհեռանալու մասին արգելքը։ Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ նախկին ղեկավարները հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։
Ըստ հայ քաղաքագետ և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի 2018 թվականի իրադարձությունները ոչ թե պարզապես ղեկավարության փոփոխություն էին, այլ նշանավորել են 1980-ականների վերջին ձևավորված հայկական քաղաքական ավանդույթի առաջին արմատական խզումը։ Հետևաբար, նշել է նա, նախկին ղեկավարների անձեռնմխելիության երաշխիքների վերացումը նոր էլիտայի համար խնդիր չի ներկայացնում։ «Մինչև 2018 թվականը իշխանության մեջ շարունակականություն կար, - նկատել է փորձագետը dw.com-ին տված հարցազրույցում,– նախկին ճգնաժամերը, այդ թվում՝ 1998 և 2008 թվականների իշխանափոխությունները, մնում էին համակարգի ներսում. էլիտան պարզապես «փոխում էր հագուստը և հանրային դեմքը»»։
Նա, սակայն, հավելել է, որ 2018-ի հեղափոխությունը խորը տեղաշարժ առաջացրեց նոր ղեկավարությանը լիովին զրկելով հին «կորպորատիվ համերաշխությունից»։ «Ղեկավարի դերում հայտնվեցին մարդիկ, որոնց սովորաբար անվանում են «անկախության սերունդ», նրանք, ովքեր չունեն խորհրդային բյուրոկրատական փորձառություն», - բացատրել է Իսկանդարյանը։
Հայ իրավապաշտպան Արթուր Սաքունցը dw.com-ին տված հարցազրույցում մանրամասնել է այդ միտքը հին երաշխիքների վերացումը կապելով այն համակարգին վերջ տալու անհրաժեշտության հետ, որը նա բնութագրել է որպես «պետության զավթում»։ Նա նշել է, որ մինչև 2018 թվականը էլիտայի անպատժելիությունը համակարգային բնույթ էր կրում։ «Հենց այդ համակարգային բնույթն էր հիմնական պատճառը, որ օրենքի առջև հավասարության սկզբունքը չէր գործում, և որ նախագահները համարվում էին անձեռնմխելի», - նշել է նա։
Միաժամանակ, իրավապաշտպանն ընդգծել է, որ թեև հեղափոխությունը հին համակարգը քանդելու անհրաժեշտ քայլ էր, բայց դեռ վաղ է խոսել հին արատների նկատմամբ լիակատար հաղթանակի մասին։ «Ընտրովի արդարադատության ներկայիս դրսևորումները վկայում են, որ անպատժելիության մշակույթը դեռ լիովին հաղթահարված չէ», - հայտարարել է Սաքունցը։
Ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հիմնված էր նրա նախագահության ավարտին տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ գործը կապված էր 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ։ Այն ժամանակ Երևանի կենտրոնում բախումներ էին տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ առաջին նախագահի և իշխանությունների գլխավոր քաղաքական մրցակցի կողմնակիցների միջև, որոնք հրաժարվում էին ընդունել ընտրությունների արդյունքները։ Զոհվել էր տասը մարդ, հարյուրավորները վիրավորվել էին։ Նիկոլ Փաշինյանը, ով այդ ժամանակ ընդդիմության ամենաակտիվ գործիչներից էր, այդ իրադարձություններից հետո ավելի քան մեկ տարի թաքնվում էր, բայց ավելի ուշ նա ներկայացավ իշխանություններին և ազատ արձակվեց համաներմամբ միայն 2011 թվականի մայիսին։
Ինչպես նշում են փորձագետները, այդ իրադարձությունները զգալի ազդեցություն են ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Շատ դիտորդների կարծիքով 2008 թվականի իրադարձությունները դարձան այն խթանը, որը հիմք նախապատրաստեց հին քաղաքական համակարգի հետագա ապամոնտաժման համար։ Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի դրանք նպաստեցին «ընդդիմադիր ակտիվիստների կայուն ցանցային հիմքի» ձևավորմանը։ Հենց այդ միջավայրում էլ Նիկոլ Փաշինյանը վերածվեց բողոքի շարժման առաջնորդի։ «Ի վերջո, հենց այդ բողոքի այս էներգիան, որ կուտակվել էր մեկ տասնամյակի ընթացքում, հորիզոնական ցանցերի հետ համատեղ, հնարավորություն տվեց նոր սերնդին տապալել հին վարչակարգը», — բացատրել է Իսկանդարյանը։
Այսօր երկու նախկին նախագահներն էլ կանգնած են ապօրինի հարստացման և ակտիվների բռնագրավման վերաբերյալ ընթացակարգերի առջև։ Ընդդիմությունն այս գործընթացը որակում է որպես «ոչ լոյալ քաղաքական գործիչների ակտիվների վերաբաշխման գործիք», մինչդեռ կառավարությունը պնդում է, որ իրականացնում է «հեղափոխության գլխավոր պահանջը, այն է արդարության վերականգնումը»։
2026 թվականի օգոստոսին տեղի ունեցած ձերբակալություններից հետո Նիկոլ Փաշինյանն ինքը որդեգրել է կոշտ դիրքորոշում։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետը հստակ նշել էց խաղի նոր կանոնները նախկին էլիտայի համար՝ հիշատակելով ոչ միայն նախագահներին, այլ նաև Գագիկ Ծառուկյանին՝ խոշոր գործարարին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, որը նույնպես վերջերս է ձերբակալվել։ Այժմ խոշոր ֆինանսական խարդախության և հարկերից խուսափելու մեջ մեղադրվող Ծառուկյանը նախկինում հայտնի էր իր քաղաքական ճկունությամբ։ Տարբեր ժամանակներում դաշնակցելով երկու նախկին նախագահների հետ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը 2018 թվականին գիտակցեց իշխանափոխության անխուսափելիությունը և կարճ ժամանակով աջակցելով Նիկոլ Փաշինյանին և միանալով նրա անցումային կառավարությանը։
«Քաղաքական նպատակը հետևյալն է. երբ գա ամսվա առաջին օրը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը պետք է ստուգեն իրենց հեռախոսները տեսնելու, թե արդյո՞ք կենսաթոշակը փոխանցվել է», — հայտարարեց Փաշինյանը,– քանի որ նրանք պետք է ապրեն իրենց կենսաթոշակով և օրինական եկամուտներով։ Իսկ ինչ վերաբերում է ապօրինի ձեռք բերված ակտիվներին, ապա յուրաքանչյուր կոպեկ, յուրաքանչյուր «լումա», պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Այլ տարբերակ չկա»։ Նա նաև հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ապա երկրին անհրաժեշտ կլինի «նոր հեղափոխություն»։
Ըստ Իսկանդարյանի Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր էլիտան իրեն դիտարկում է որպես լիովին «այլ կորպորացիայի» մաս և ակտիվորեն թաղում է հին քաղաքական ավանդույթը (եթե արդեն իսկ չի թաղել այն)։ Քաղաքագետը եզրակացրել է, որ էլիտայի նման տեսակ նախկինում ի հայտ էր եկել նաև տարածաշրջանի այլ երկրներում, օրինակ Վրաստանում՝ Միխեիլ Սահակաշվիլու օրոք, կամ Մոլդովայում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am