Զուգարանում նորածին երեխա են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄալայզիայի Պենանգի միջազգային օդանավակայանի զուգարաններից մեկում օգոստոսի 31-ին նորածին տղա է հայտնաբերվել։ Երեխային հայտնաբերել է մաքրուհին, որը աղբամանից երեխայի լացի ձայն է լսել և ահազանգել ոստիկանությանը։
Իրավապահների ժամանելուց հետո նորածնին դուրս են բերել տարայից և տեղափոխել հիվանդանոց։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ երեխան ողջ է եղել և բժշկական օգնությունից հետո նրա վիճակը գնահատվել է բավարար։ Նրա մոտ դեռ պահպանվել են պորտալարն ու ընկերքը, ինչը վկայում է, որ նրան, ըստ նախնական տվյալների, լքել են ծնվելուց կարճ ժամանակ անց։
Ոստիկանությունը օդանավակայանի տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությունից հետո ձերբակալել է 23-ամյա տեղի կնոջ, որին իրավապահները դիտարկում են որպես երեխայի ենթադրյալ մայր։ Ավելի ուշ ձերբակալվել է նաև 22-ամյա Մյանմայի քաղաքացի, որը աշխատում է անվտանգության ծառայությունում։
Past.am-ի փոխանցմամբ՝ իրավապահները դեպքի վայրում փորձաքննության համար նմուշներ են վերցրել։ Քննությունը շարունակվում է՝ երկու ձերբակալվածների հնարավոր կապը դեպքի հետ պարզելու նպատակով։ Այս պահին նրանց նկատմամբ մեղադրանք ներկայացված չէ։
Դեպքը քննվում է Մալայզիայի քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով, որը վերաբերում է 12 տարեկանից փոքր երեխայի լքմանը ծնողի կամ երեխայի խնամքի համար պատասխանատու անձի կողմից։
Past.am-ը հետևում է գործի հետագա ընթացքին։