Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Տրամվայ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏրամվայը քաղաքային հասարակական տրանսպորտի տեսակ է, որը շարժվում է հատուկ ռելսերով և սովորաբար սնվում է էլեկտրական էներգիայով։ Այն նախատեսված է հիմնականում քաղաքային և արվարձանային ուղևորափոխադրումների համար։ Տրամվայը երկաթուղու և քաղաքային տրանսպորտի յուրահատուկ համադրություն է․ այն ունի ռելսային շարժակազմ, սակայն աշխատում է հիմնականում քաղաքային փողոցներում և ունի համեմատաբար հաճախակի կանգառներ։
Տրամվայի պատմությունը սկսվել է XIX դարի առաջին կեսից, երբ արագ աճող քաղաքներում առաջացել է մարդկանց մեծ քանակ տեղափոխելու անհրաժեշտություն։ Տրամվայի նախատիպը եղել է ձիաքարշ տրամվայը։ 1832 թվականին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում է գործարկվել ձիերով քաշվող ռելսային քաղաքային տրանսպորտի վաղ օրինակներից մեկը։ Հետագայում նման համակարգեր սկսել են հայտնվել Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում։
1830–1860-ական թվականներին ձիաքարշ տրամվայները տարածված են եղել հատկապես խոշոր քաղաքներում։ Դրանց առավելությունն այն էր, որ ռելսերը նվազեցնում էին շարժման դիմադրությունը, և ձիերը կարող էին ավելի ծանր վագոններ քաշել, քան սովորական սալահատակ ճանապարհով։ 1860–1880-ականներին տրամվայները դարձել են քաղաքային տրանսպորտի կարևոր միջոց։ Այն ժամանակ դրանք հիմնականում շարունակում էին աշխատել ձիերի օգնությամբ, սակայն արդեն սկսել էին փորձարկվել այլ շարժիչ համակարգեր՝ գոլորշային, մալուխային, էլեկտրական։
Տրամվայի պատմության ամենակարևոր շրջադարձը կապված է էլեկտրական շարժիչի կիրառման հետ։ 1879 թվականին գերմանացի ինժեներ Վերներ ֆոն Սիմենսը Բեռլինի արդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է էլեկտրական երկաթուղու ցուցադրական համակարգ։ 1881 թվականին Բեռլինի մերձակա Lichterfelde շրջանում գործարկվել է էլեկտրական տրամվայի վաղ գործնական համակարգերից մեկը։ Այն ժամանակ էլեկտրական տրանսպորտը դեռ նոր էր, սակայն փորձը ցույց տվեց, որ քաղաքային ռելսային տրանսպորտը հնարավոր է աշխատեցնել առանց ձիերի։ 1880–1900-ականներին էլեկտրական տրամվայները սկսեցին արագ տարածվել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Քաղաքները սկսեցին կառուցել տրամվայի ամբողջական ցանցեր։ Սակայն 1920–1960-ական թվականներին շատ քաղաքներում տրամվայների փոխարեն սկսեցին օգտագործվել ավտոբուսներ և տրոլեյբուսներ, բայց չնայած դրան տրամվայները բոլոր քաղաքներում չվերացան։ XX դարի վերջին և XXI դարում սկսվեց տրամվայի վերածնունդը։ Շատ քաղաքներ նորից սկսեցին կառուցել ժամանակակից տրամվայի և թեթև ռելսային տրանսպորտի համակարգեր խցանումներն ու օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով։
Տրամվայը Հայաստանի տրանսպորտային պատմության մեջ կարևոր, բայց այսօր արդեն անցյալում մնացած համակարգ է։ Երևանի առաջին քաղաքային ռելսային տրանսպորտը սկսել է զարգանալ դեռևս XIX դարի վերջին և XX դարի սկզբին։
Երևանում տրամվայի համակարգը գործարկվել է 1906 թվականին։ Սկզբնական շրջանում այն օգտագործում էր ձիաքարշ համակարգ, իսկ հետագայում քաղաքում ներդրվեց էլեկտրական տրամվայ։ Խորհրդային ժամանակաշրջանում Երևանի տրամվայը դարձավ քաղաքի հասարակական տրանսպորտի կարևոր բաղադրիչներից մեկը։ Ցանցը սպասարկում էր քաղաքի տարբեր հատվածներ և տեղափոխում մեծ թվով ուղևորներ։ Սակայն ժամանակի ընթացքում տրամվայի համակարգը սկսեց կորցնել իր նշանակությունը և 1990-ականներին Հայաստանի տնտեսական դժվարությունները, ենթակառուցվածքների մաշվածությունը և տրանսպորտային համակարգի փոփոխությունները զգալիորեն ազդեցին տրամվայի աշխատանքի վրա։ 2004 թվականին Երևանի տրամվայի համակարգը վերջնականապես դադարեցրեց աշխատանքը և դրանով ավարտվեց շուրջ մեկդարյա Երևանի տրամվայի պատմությունը։

Կ.Խաչիկյան