Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը, ինչպես նաև հաստատել ընդհանուր դիրքորոշումը հակամարտությունների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, քաղաքական-դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Բաքվում երկու երկրների ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի ընդլայնված հանդիպման արդյունքներով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նախարարները քննարկել են վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված գործնական քայլերը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների, նոր աշխարհաքաղաքական իրողությունների և շարունակվող հակամարտությունների շուրջ։
«Նախարարները հաստատել են ընդհանուր համոզմունքն առ այն, որ հակամարտությունները և ռազմական դիմակայությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախարարները նաև նշել են եռակողմ և քառակողմ ձևաչափերի՝ ներառյալ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա և Ադրբեջան-Ուզբեկստան-Թուրքիա ձևաչափերի ներդրումը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, տնտեսական զարգացման և տրանսպորտային փոխկապակցվածության գործում։