«Դա գործարքի խաղաքար է». Պետդումայում գնահատել են Փաշինյանի խոսքերը Շիրակի ռազմաբազայի մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Շիրակի ռուսական բազայի մասին գործարքի խաղաքար է, rtvi.com-ին ասել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը։ «Դա գործարքի խաղաքար է. նրանք փորձում են որոշ պայմաններ դնել, գումար ստանալ, գուցե նոր համաձայնագիր ստորագրել, բայց մենք վճարում ենք բազայի համար», - ասել է Կոլեսնիկը։
«Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի առարկի ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը Հայաստանից, նույնիսկ ակնարկ չէ։ Սրանք նուրբ կետեր են. սա միջպետական և միջկառավարական հարաբերությունների հարց է», - նշել է խորհրդարանականը։
Նա ասել է, որ Փաշինյանը ցանկանում է պահպանել սահմանը, բայց «դա դժվար է. անհրաժեշտ է հավասարակշռություն»։ rtvi.com-ի զրուցակիցը կանխատեսել է, որ Հայաստանի հեռանալը Ռուսաստանից մեծ կորուստներ կբերի Երևանին։ «Հայաստանն այժմ պլանավորում է վիզաներ մտցնել ռուսների համար։ Ընդհանուր առմամբ, նման քաղաքականությունը մեծ կորուստներ կբերի Հայաստանին, նաև երկրների միջև առևտուրն արդեն նվազել է», - ընդգծել է պատգամավորը։
Նրա խոսքով «հայ սփյուռքի շատ անդամներ խիստ դեմ են Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղի ունեցող ամեն ինչին, քանի որ դա չափազանց անբարենպաստ է նրանց համար»։
«Կարծում եմ, որ Փաշինյանը սխալվում է դանդաղ, բայց հաստատուն կերպով խզելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Սա բացարձակապես անբարենպաստ է Հայաստանի համար», - ընդգծել է Կոլեսնիկը։
Հայերն իրենք դեմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը, ասել է պատգամավորը։ «Նրանք դեմ են դրան. նրանք իսկապես ուզում են աշխատել, առևտուր անել Ռուսաստանի հետ և դրանից գումար վաստակել։ Շատերը չեն հետաքրքրվում քաղաքականությամբ։ Մարդիկ ուզում են նորմալ ապրել և աշխատել։ Սա նորմալ մարդկային ցանկություն է։ Քաղաքական գործիչները չպետք է խառնվեն դրան», - եզրափակել է Կոլեսնիկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am