Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերով
ՄՇԱԿՈՒՅԹՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի համագործակցությունը կարևոր ներդրում է թանգարանի տեխնիկական վերազինման և այցելուների համար ժամանակակից, հասանելի ու որակյալ թանգարանային ծառայությունների ապահովման գործում։
Գիշյան հիմնադրամն առաջին անգամ աջակցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 2020 թվականին՝ դրամաշնորհ տրամադրելով թանգարանի տեխնիկական միջոցների, մասնավորապես՝ նոր լազերային պրոյեկտորների ձեռքբերման համար։ Աջակցությունն ուղղված էր ժամանակի ընթացքում մաշված և շահագործման ժամկետը լրացրած տեխնիկական միջոցների փոխարինմանը և թանգարանի ցուցադրության տեխնիկական հնարավորությունների բարելավմանը։
Հինգ տարի անց՝ 2025 թվականին, «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կրկին աջակցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ այս անգամ նպաստելով թանգարանի աուդիոգիդերի և ռադիոգիդերի համակարգի արդիականացմանը։
Գիշյան հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է 120 ռադիոգիդերով և 45 նոր աուդիոգիդերով։ Նոր սարքավորումների ձեռքբերումը հնարավորություն է տվել ընդլայնելու թանգարանի այցելուների համար հասանելի ծառայությունները և առավել արդյունավետ ներկայացնելու մշտական ցուցադրությունը տարբեր լեզուներով։ Նոր աուդիոգիդերի համակարգի ներդրման շրջանակում թանգարանում այժմ գործում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և չինարեն աուդիոգիդեր՝ հաշվի առնելով համապատասխան երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների ակտիվ հոսքը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորին երախտագիտություն է հայտնում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամին՝ թանգարանին արդեն երկրորդ անգամ աջակցելու և նրա զարգացմանն ու արդիականացմանը շարունակական ներդրում ունենալու համար։
Հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարանից՝ նշելով՝ բարձր են գնահատում հիմնադրամի հետևողական աջակցությունը մշակույթի և կրթության ոլորտներում կարևոր ու հասարակական նշանակություն ունեցող նախաձեռնություններին և վստահ են, որ նման համագործակցությունները կարևոր դեր ունեն թանգարանի առաքելության առավել արդյունավետ իրականացման գործում։
Համագործակցության և նոր աուդիոգիդերի ու ռադիոգիդերի մասին պատրաստված տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=7abI8f_4fU0