«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ատլետիկոն» պաշտոնական հայտարարություն է տարածել արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
Ակումբի տնօրենների խորհուրդը միաձայն աջակցել է կատալոնական ակումբի հետ տրանսֆերային որևէ բանակցություն չվարելու որոշմանը։
Նշվում է, որ թեև մադրիդյան ակումբը բաց է տրանսֆերային շուկայում գործարքների համար, սակայն դրանք պետք է ընթանան էթիկայի, պրոֆեսիոնալիզմի և ակումբների միջև փոխադարձ հարգանքի սահմաններում։
«Մենք լիովին աջակցում ենք ակումբի նախկինում հայտնած դիրքորոշմանը, ըստ որի՝ «Բարսելոնան» չի բավարարել պահանջվող չափանիշները։ Հետևաբար, Խուլիան Ալվարեսի տրանսֆերի շուրջ նրանց հետ ոչ մի բանակցություն չի եղել և չի էլ լինելու»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։
Մադրիդյան ակումբում նաև հույս են հայտնել, որ Ալվարեսն ըմբռնումով կմոտենա այս որոշմանը և կշարունակի կենտրոնանալ իր աշխատանքի վրա՝ օգնելով թիմին հասնելու նպատակներին այնպես, ինչպես դա արել է ակումբի գույները պաշտպանած նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Խուլիան Ալվարեսի շուրջ իսկական տրանսֆերային սագա է ստեղծվել։ Արգենտինացի ֆուտբոլիստի հարաբերությունները մադրիդյան ակումբի և երկրպագուների հետ կտրուկ սրվել էին այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն հայտարարել էր հեռանալու ցանկության մասին։ Ալվարեսը նույնիսկ բաց էր թողել թիմի վերջին մարզումները՝ պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը։
Հաշվի առնելով «Ատլետիկոյի» կոշտ դիրքորոշումը՝ ակնկալվում է, որ խաղացողի տրանսֆերի գլխավոր հավակնորդ կարող է դառնալ Լոնդոնի «Արսենալը»: