Ադրբեջանցի ռազմական փորձագետը Սյունիքում է եղել․ ի՞նչ նպատակ է հետապնդում «միջանցքի» թեզերի տարածումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցի ռազմական փորձագետ և պահեստազորի զինվորական Ադալեթ Վերդիևը (Ədalət Verdiyev) սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել Սյունիքի՝ «Զանգեր» կոչվող տեղանքից՝ ներկայացնելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական թեզերը։
Վերդիևը տեսանյութին կից գրել է, թե իբր Հայաստանի քաղաքացին «Զանգեզուրի միջանցքի» անցման տարածքից շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին միջանցքի բացման առթիվ, իսկ այդ «շնորհավորանքը» դրական արձագանք է ստացել Հայաստանի հասարակության շրջանում։ Նա նաև պնդել է, թե քաղաքացիները Հայաստանի իշխանություններին կոչ են անում հնարավորինս արագ ապահովել միջանցքի բացումը։
Սակայն այս պնդումների հիմքում որևէ անկախ հաստատված փաստ չի ներկայացվում։
Ավելին՝ հրապարակման բովանդակությունը, ինչպես նաև դրա շուրջ ադրբեջանական տեղեկատվական դաշտում ձևավորվող արձագանքները, հարց են առաջացնում՝ արդյո՞ք գործ ունենք ոչ թե Սյունիքում տեղի ունեցած իրական հանրային տրամադրությունների, այլ դրանք ներկայացնելու և մեկնաբանելու նպատակային փորձի հետ։
MediaHub-ի հետ զրույցում սյունեցի Էռնա Հարությունյանը ադրբեջանցի փորձագետի այցը դիտարկում է նաև ավելի լայն համատեքստում։
Նրա խոսքով՝ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետները Հայաստանի տարածքում ուսումնասիրություններ են իրականացրել TRIPP նախագծի շրջանակում, կարող է ունենալ նաև տեղեկատվական բաղադրիչ։ «Փաստորեն միայն մասնագետներ չէին եկել, այլ նաև մեծ լսարան ունեցող գործիչներ, որպեսզի ադրբեջանական թեզերը հրամցնեն նաև հայ հանրությանը»,- նշում է մեղրեցի կինը։ Նրա գնահատմամբ՝ հատկապես ուշագրավ է այն պնդումը, թե իբր տեղի բնակիչները դրական են վերաբերվում «միջանցքի» գաղափարին։
«Ադրբեջանցի փորձագետի հրապարակման մեկնաբանությունները հակառակ պատկերն են ցույց տալիս։ Ինչ վերաբերվում է նրան, թե իբր սյունեցիները ողջունել են ադրբեջանցիներին, կարծում եմ՝ պարզից էլ պարզ է՝ մանիպուլյացիա է։ Այդ հրապարակված տեսանյութի մեկնաբանությունները կարդում ես, մտածում՝ լավ, սրանց հետ ի՞նչ հարևանություն։ Ինչքան վատ բառ գիտեն՝ գրում են, ու բոլորը հիմնականում նույն տեքստով ու բառապաշարով․ «Մենք կվերադառնանք մեր հայրենիք», «Զանգեզուրը՝ Ադրբեջան է», «Մենք կհասնենք մինչև Երևան, տեր կկանգնենք մեր պապական հողերին»։ Սրանց հետ ի՞նչ միջանցք»,- ասում է նա։
Այս ֆոնին ադրբեջանական հրապարակումը կարելի է դիտարկել ոչ միայն որպես հերթական քարոզչական նյութ, այլև որպես փորձ՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի ձևակերպումները ներկայացնել որպես Հայաստանի հասարակության ներսում ընդունելի կամ նույնիսկ ցանկալի օրակարգ։
Միևնույն ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի տարածքը և որոշել այն հատվածները, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն ակնկալում է՝ հայկական կողմը չի ձգձգի գործընթացը՝ պնդելով, որ նախագիծը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար։
Հետևաբար, Սյունիքից հրապարակված տեսանյութի դեպքում ուշադրության կենտրոնում է ոչ միայն այն, թե ով է նկարահանվել Հայաստանի տարածքում, այլև այն, թե ինչ ուղերձ է փորձ արվում այդ տեսանյութով փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին։