Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, հաղորդում է Mehr-ը։
Ըստ նրա, Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով նախատեսված 60-օրյա ժամկետը նախատեսված էր բանակցությունների համար և ոչ թե հրադադարի, որը կարելի էր երկարաձգել։
Արաղչին ընդգծել է, որ հուշագիրը նախատեսում էր «պատերազմի ավարտ», սակայն, Թեհրանի պնդմամբ, ԱՄՆ-ն խախտել է պայմանավորվածությունները, ինչից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են։
«Մենք չունեինք հրադադար, որը հնարավոր լիներ երկարաձգել։ Մենք ունեինք պատերազմն ավարտելու համաձայնություն, և այժմ իրավիճակն անցել է նոր վիճակի», — հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը։
Արաղչին նշել է, որ միջնորդի դեր ստանձնած Կատարը և Պակիստանը շարունակում են հաղորդագրությունների փոխանակումն ու կապերի պահպանումը Թեհրանի հետ։ Սակայն,ինչպես ընդգծել է արտգործնախարարը, այդ կապերն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նշանակում։
«Սա ոչ մի դեպքում չի նշանակում բանակցություններ։ Ամերիկայի հետ բանակցությունների վերսկսման մասին որոշում դեռ չի ընդունվել», — ասել է նախարարը։
Արաղչին նաև պատմել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի իրավիճակի վերաբերյալ տեխնիկական խորհրդակցությունների մասին։ Ըստ նրա, կողմերը քննարկում են նավերի երթևեկության համար նոր ծովային երթուղիների սահմանումը, քանի որ նախկինում օգտագործվող երթուղիներն այլևս չեն գործում։
«Երթուղիները, որոնք նախկինում գոյություն ունեին, այլևս չեն աշխատում, և անհրաժեշտ է սահմանել նոր երթուղի։ Այժմ մենք մշակում ենք ժամանակավոր երթուղի, որը հետագայում կդառնա մշտական», — հայտարարել է նա։
Խորհրդակցություններին մասնակցում են երկու երկրների մասնագետներ և զինված ուժերի ներկայացուցիչներ, որոնք, ըստ Արաղչիի, այս հարցով հիմնական պատասխանատու կառույցներն են։ Նախարարը չի բացառել, որ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել մոտ ժամանակում։
Միևնույն ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ երթուղու սահմանման վերաբերյալ տեխնիկական խորհրդակցությունները չեն նշանակում Հորմուզի նեղուցի բացման մասին որոշում։
«Հորմուզի նեղուցը կբացվի, թե ոչ, կախված է այլ պայմանների կատարումից, որոնք պետք է պահպանի Ամերիկան», — հայտարարել է Արաղչին։