Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) չի կարող հանգեցնել այդ ինտեգրացիոն միավորման փլուզմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արտահայտած կարծիքը, որ ԵԱՏՄ-ն ներկայումս կաթվածահար է, և եթե Հայաստանի նկատմամբ սահմանափակումները չվերացվեն, դա կլինի «ԵԱՏՄ-ի վերջը», գրում է rambler.ru–ն։
«Չեմ կարծում, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կհանգեցնի Եվրասիական տնտեսական միության փլուզմանը։ Ավելին, ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՏՄ-ի շատ երկրներ սկզբում դեմ էին Հայաստանին միանալուն այս ինտեգրացիոն միավորմանը, և միայն Ռուսաստանի լոբբինգն օգնեց Հայաստանին, որը ընդհանուր սահման չունի միության հետ, դառնալ լիիրավ անդամ», - նշել է Խալաթյանը։
Նա նաև նշել է, որ արդյունքում Հայաստանը դարձել է միության հիմնական շահառուներից մեկը, ինչի մասին վկայում է նրա արագ տնտեսական աճը։
Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները, որոնք արտահայտվել են Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների կիրառմամբ, լիակատար անակնկալ էին Հայաստանի ներկայիս իշխանությունների համար: Նրա խոսքով, լրացուցիչ «տհաճ անակնկալ» էր այն, որ «Մոսկվային հանգստացնելու» և Արևմուտքի և Թուրքիայի ուղղությամբ աշխարհաքաղաքական վերակողմնորոշման ընթացքը հանգիստ շարունակելու նախկին մեթոդները այլևս չեն աշխատում։
Այս պայմաններում, Խալաթյանի կարծիքով, Հայաստանի վարչապետը, փորձելով վերացնել ռուսական սահմանափակումները, որոնք, եթե պահպանվեն, լուրջ բացասական սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենան հանրապետության համար, փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ԵԱՏՄ նորմերի միջոցով: Նա նաև նշեց, որ Փաշինյանը մինչ այժմ անհաջողության է մատնվել այս հարցում: Ավելին, փորձագետը կասկածում է, որ ԵԱՏՄ մյուս երկրները կհակամարտեն Ռուսաստանի հետ այս հարցում: