Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կարմինյանո գինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարմինյանո շրջանը փոքր գինեգործական տարածք է, որը, չնայած իր փոքր չափսերին, զարգացրել է իր յուրահատուկ գինեգործական մշակույթը և արտադրել ու արտադրում է իր յուրահատուկ գինու ապրանքանիշերը: Այն գտնվում է Իտալիայի կենտրոնական Տոսկանայի Պրատո նահանգում՝ Ֆլորենցիայից մոտ 20 կմ դեպի արևմուտք։ Այդ հին երկիրը, որտեղ դեռ էտրուսկներն էին արտադրում գինի, ձիթապտղի յուղ ու մեղր, մի ժամանակ Մեդիչիների՝ Եվրոպայի ամենահայտնի ընտանիքներից մեկի, տունն էր, ընտանիք, որը նկատելի և բավականին չարագույժ հետք է թողել պատմության մեջ։
Հայտնի է, որ Brillante Carmignano գինին ստեղծվել և հնեցվել է տակառներում հենց Մեդիչիների համար: Այդ վարդագույն գույնի գինին հասունացման ընթացքում աստիճանաբար փոխում է իր գույնը նռնագույնի և զարգացնում է առանձնահատուկ, եթերային բույր՝ համեմունքների և մանուշակի հստակ նոտաներով: Այս գինու արտադրության տեխնոլոգիան այն հին ժամանակներից ի վեր գրեթե անփոփոխ է մնացել: Այն պատրաստվում է հիմնականում Սանջովեզե խաղողից (մոտավորապես 50%), ինչպես նաև մի քանի այլ տեղական և ներմուծված տեսակներից՝ տոսկանական Սև Կանայոլո, Կանաիոլո Բիանկա, Կաբեռնե Ֆրանկ, Մերլո, Սիրա, Կոլորինո, Մամմոլո, Օկիոդի Պերնիս, Կաբեռնե Սովինյոն, Տրեբիանո և Մալվասիա դել Կիանտի, որոնք օգտագործվում են տարբեր համամասնություններով: Այս գինին հիմա էլ մնում է նույնքան ժողովրդական, որքան միջնադարում, և նրանք, ովքեր ցանկանում են փորձել հզոր Մեդիչիների սիրելի ըմպելիքը, անկասկած կարող են իրականացնել իրենց երազանքը։
Կարմինյանո անվանումը գրավոր փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է դեռևս 804 թվականին, թեև ոչ որպես ըմպելիք, այլ որպես համայնք, որտեղ աճեցվում են խաղողի որթեր և ձիթենիներ, և արտադրվում է գինի և յուղ վաճառքի համար։ Կարմինյանո գինու մասին առաջին անգամ հիշատակվել է 1396 թվականին։ Ավելին, Տոսկանայի դուքս Կոզիմո III դե Մեդիչիի 18-րդ դարի հրամանագրով սահմանվել են Կիանտիի արտադրական գոտու սահմանները, և հիշատակվել է նաև Կարմինյանո գոտին։ Այդ գոտին էլ հետագայում դարձել է այն առաջին վայրը, որտեղ արտադրվել են համաշխարհային ճանաչում ունեցող սուպերտոսկանական գինիները։
Աստիճանաբար զարգացել է այդ գինու և Կարմինյանոյի այլ տեսակների գինիների խմելու մշակույթը։ Կարմինյանո DOGC-ն ավանդաբար մատուցվում է սենյակային ջերմաստիճանում խորոված մսի, որսամսի կամ թռչնամսի հետ։ Կարմինյանո ընտանիքը ներառում է նաև Barco Reale di Carmignano DOC և Rosato di Carmignano DOC "Vin Ruspo" գինիները։ Առաջինը իր ինտենսիվ մրգային բույրով, լավ է համադրվում խորոված սպիտակ մսի և մսային սոուսների հետ: Rosato di Carmignano DOC «Vin Ruspo»-ն վարդագույն գինի է, որը ավանդաբար մատուցվում է որպես ապերիտիվ կամ նույնիսկ խմվում է առանց կերակուրի: Այն կարող է համադրվել տարբեր սառը մսամթերքների, ձկան, խեցգետինների, ձվի կամ ապուրների հետ:
Կարմինյանո գինիները կարելի է գտնել նաև Հայաստանում, սակայն դրանք բավականին հազվադեպ են և սովորաբար ներկայացված են սահմանափակ տեսականիով։ Պետք է կապ հաստատել համապատսխան խանութների կամ ներկրողների հետ, քանի որ որոշ գինիներ կարող են հասանելի լինել միայն պատվերով։

Կ.Խաչիկյան