Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացում
ՄՇԱԿՈՒՅԹՌեժիսոր Հակոբ Ղազանչյանը մտադիր է Երևանում բացել նոր թատրոն։ Այս մասին նա ասել է Արմենպրեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը կբացվի սեպտեմբերի 15-ին՝ «Մորուքավորի 7 կանայք» ներկայացման պրեմիերայով։ Այն կգործի Հայաստանի Թատերական Գործիչների միության շենքում։
Թատրոն հիմնելու գաղափարը Հակոբ Ղազանչյանը դեռ տարիներ առաջ է ունեցել։ Նրա խոսքով՝ իր հիմնած թատրոնում հիմնականում կխաղան «Գալյա Նովենց» թատերական դպրոցի շրջանավարտները։
«Մենք կփորձենք խթան հանդիսանալ հայ ժամանակակից դրամատուրգիային, ջանքեր կներդնենք, որպեսզի հայ-ռուսական թատերական կապերը շարունակեն ամրապնդվել: Ռուսական թատրոնը աշխարհի հզորագույն թատրոնն է»,-նշել է ռեժիսորը։