Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը Հայաստանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTRIPP Development Company-ն կշահագործի «Թրամփի երթուղին» (Զանգեզուրի միջանցք) Հայաստանում, իսկ Կոնստանտին Սոկոլովը՝ խորհրդային ծագումով գործարարը և Դոնալդ Թրամփի դոնորներից մեկը, ով գումար էր նվիրաբերել Սպիտակ տան դահլիճի վերանորոգման համար, նշանակվել է Tripp+ հիմնադրամի ղեկավար, գրում է eadaily.com–ը։
Պետդեպարտամենտի տվյալներով հիմնադրամի կապիտալը կազմում է 200 միլիոն դոլար «տրանսպորտային միջանցքների զարգացման, թվային կապի և կարևորագույն հանքանյութերի արդյունահանման և տեղափոխման մեջ ներդրումներ ներգրավելու համար»։ Ամերիկացիները տիրապետում են այդ ընկերության 74%-ին, մինչդեռ Հայաստանը տիրապետում է ընդամենը 26%-ին։
Ո՞վ է պարոն Սոկոլովը։ Rybar TV-ի տվյալներով Կոնստանտին Սոկոլովը ծնվել է 1975 թվականին Լենինգրադում և 1990-ականների վերջից ի վեր ապրում է Միացյալ Նահանգներում, որտեղ կարիերա է կառուցել մասնավոր ֆոնդերում։ Նա Չիկագոյում գործող IJS Investments ընկերության հիմնադիրն է, որը կենտրոնանում է ենթակառուցվածքների, էներգետիկայի և ֆինանսական ծառայությունների վրա: Նա նաև համահիմնադրել է և բաժնետեր է շվեյցարական Gotthard Investment AG-ում, որը գործում է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում: Սոկոլովը առաջատար դիրք է զբաղեցնում Northern Pillar Energy կոնսորցիումում, որը մշակում է մաքուր էներգիայի աղբյուրներ և Աֆրիկան ու Եվրոպան կապող օպտիկամանրաթելային ցանցեր:
Հետաքննությունների համաձայն 2010-ականներին նա փորձել է ակտիվներ ձեռք բերել Ռուսաստանում կիպրոսյան ընկերությունների միջոցով: 2024 թվականին MTS Group-ը MTS Armenia-ն վաճառել է կիպրոսյան Fedilco Group-ին, որի վերջնական շահառուներն են Սոկոլովը և չինացի գործարար Ժե Չժանը: Գործարքից հետո օպերատորը վերանվանվել է Viva Armenia: Լրատվամիջոցների հաղորդագրությունները Սոկոլովին են վերագրում հայկական AMIO բանկի նկատմամբ վերահսկողությունը շվեյցարական MFM Global Invest AG հոլդինգային ընկերության միջոցով: Նա նաև հետաքրքրված է Հայաստանում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի գնմամբ: Հիշեցնենք, որ ռուսական VTB բանկը ավարտել է այդ հանքավայրի վաճառքը, սակայն վերջնական ներդրողի անունը պաշտոնապես չի հրապարակվել: Tripp+ վենչուրային հիմնադրամի ստեղծումը, ըստ Rybar հեռուստաալիքի հեղինակների, տեղավորվում է ԱՄՆ կառավարության ավելի լայն ռազմավարության մեջ, այն է հենվել հիբրիդային գործիքների և կիսակառավարական միջոցների վրա, հատկապես USAID-ի փակման համատեքստում: Թրամփին Սոկոլովի նվիրատվությունները ակնհայտորեն նշանակալի դեր են խաղացել նշանակման գործում: Ակնհայտ է շահերի բախում, քանի որ գործարարն արդեն իսկ ակտիվներ ունի Հայաստանում (հեռահաղորդակցություն և, հավանաբար, պղնձամոլիբդենային հանք), միաժամանակ ղեկավարելով Պետդեպարտամենտի կողմից լիազորված հիմնադրամը, որը կբաշխի «Թրամփի երթուղու» զարգացման համար արտաքին միջոցները: «Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ենթակառուցվածքները մարտահրավեր են ներկայացնում Ռուսաստանի և Չինաստանի աշխարհաքաղաքական շահերին տարածաշրջանում, հարց է առաջանում Սոկոլովի իրական հավատարմության և այն մասին, թե արդյո՞ք նա կապեր ունի ռուսական բիզնես էլիտայի հետ, թե՞ ներկայացնում է բացառապես ամերիկյան իստեբլիշմենթը ուղղակիորեն շահույթ ստանալով Թրամփին տրված իր նվիրատվություններից: Ինչպես կարելի է կռահել, նման կոնֆիգուրացիայում Հայաստանի սեփական շահերն ու օգուտները չեն քննարկվում», - հաղորդել է Rybar TV-ն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am