«Փորձագետը կարծում է, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մի մասը առանց ռուսական շուկայի կործանման եզրին է»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ-ից գյուղատնտեսական արտահանման անկումը կազմում է մոտավորապես 70-80%, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելի։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ria.ru–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսական ոլորտի արտահանմանը միտված մասը կործանման եզրին է, եթե ռուսական շուկաները փակ մնան դրա համար, և այդ իրավիճակը հաղթահարելու համար Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը։ «Գյուղատնտեսական ոլորտը, և հատկապես արտահանմանը միտված մասը՝ տնային տնտեսությունները, փոքր և միջին բիզնեսը, արդեն իսկ տառապում են և վնասներ կրում։ Ընդ որում ներկայիս տրվող սուբսիդիաները չեն ծածկում այդ վնասները, և եթե երկու-երեք ամսվա ընթացքում իրավիճակը չփոխվի, ապա շատերը կարող են սնանկանալ կամ, առնվազն, սեզոնի ավարտից հետո հայտնվել անկայուն ֆինանսական իրավիճակում», - նշել է փորձագետը։
Նրա խոսքով այս ամենըա դեռևս մեծ ազդեցություն չի ունեցել մակրոտնտեսական մակարդակի վրա։ «Մենք դեռևս չունենք հունիսի արտաքին առևտրի վիճակագրություն, ուստի ես չեմ կարող որևէ վերջնական բան ասել։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցները հրապարակել են Պետական եկամուտների կոմիտեին ուղղված հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ գյուղատնտեսական արտահանման մեծ մասը նվազել է մոտավորապես 70-80%-ով, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի։ Հետևաբար, վնասը ակնհայտորեն զգալի է», - նշել է Միքայելյանը։
Այնուամենայնիվ, հավելել է նա, պետք է հաշվի առնել մեկ այլ գործոն. գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը սպառվում է տեղում, իսկ արտահանումը կազմում է գյուղատնտեսության ավելի փոքր, թեև ավելի շահավետ մասը։ Մասնագետը կարծում է, որ այս իրավիճակից միայն մեկ ելք կա, այն է Ռուսաստանի հետ թշնամանքի դադարեցումը։ «Փաստն այն է, որ եթե դուք որևէ ինտեգրացիոն միավորման մաս եք կազմում, պետք է հասկանաք, որ տնտեսությունն ու քաղաքականությունը չեն կարող տարանջատվել։ Դուք չեք կարող թշնամանալ ինտեգրացիոն միավորման ներկայացուցիչների հետ և ակնկալել, որ տնտեսական հետևանքներ չեն լինի։ Հետևաբար, ինչպես խնդիրը ծագել է քաղաքական մակարդակում, այնպես էլ դրա լուծումը գտնվում է քաղաքական մակարդակում։ Այսինքն մենք պետք է դադարենք թշնամանալ Ռուսաստանի հետ», - հայտարարել է Միքայելյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am