Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍկելետոնը վտանգավոր սպորտաձև է: Արագությունը, որը մարզիկը զարգացնում է ուղու վրա, այն դարձնում է տպավորիչ, իսկ զառիթափ շրջադարձերը թվում են մահացու: Արդյունքների անկանխատեսելիությունը և հաղթողի կոչման համար անողոք պայքարը սկելետոնի տարբերակիչ գծերն են, քանի որ երբեմն վայրկյանի հարյուրերորդներն են որոշում հաղթողին: Բայց չնայած դրան, այդ սպորտաձևը հեռու է ամենատարածվածը լինելուց:
Ենթադրվում է, որ այդ սպորտաձևը հորինել են կանադացի հնդկացիները, ովքեր լեռներից իջել են փայտե սահնակներով առանց վազքաձողերի։ Նման սահնակները կոչվում էին «տոբոգաններ»: Դրանց մասին հիշատակումները նկարագրված են 16-րդ դարի գրականության մեջ։ Զբոսաշրջիկների համար որպես ժամանց առաջին մրցարշավները կազմակերպվել են Շվեյցարիայում։ 1883 թվականին նման զվարճանքը շատ տարածված էր։ Իսկ ընդհանրապես ընդունված է, որ սկելետոնի պատմությունը սկսվել է Մարկ Կորմիկ անունով սիրողական մարզիկի հետ, ով 1887 թվականին որոշել էր գլուխն առաջ ուղղած սահել սահնակային ուղով: «Սկելետոն» անվանումն առաջացել է 1892 թվականին, երբ Չայլդը հորինել է մետաղից պատրաստված իր նոր սահնակը, որն ուներ կմախքի ձև։ 1905 թվականին բոբսլեյի մրցույթում տեղի է ունեցել սկելետոնի առաջին ցուցադրությունը։ Հաջորդ տարի առաջնությունն է անցկացվել Ավստրիայում։ 1928 թվականին սկելետոնը և բոբսլեյը ներառվել են 2-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ցանկում, սակայն 1948 թվականին՝ 5-րդ օլիմպիական խաղերից հետո, սկելետոնը դուրս է մնացել օլիմպիական ծրագրից մինչև 2002 թվականը։
Ներկայումս սկելետոնը զարգանում է աշխարհի շատ երկրներում:
Սկելետոնի համար նախատեսված առաջին սպորտային ուղին եղել է սառցե կիսախողովակ, որի կենտրոնում տեղադրված էր երկու ռելս։ Հիմնական պայմանը կատարյալ հարթ մակերեսն էր, քանի որ մարզիկի արագությունը և, ամենակարևորը, նրա կյանքը կախված էր դրանից: Երկարությունը պետք է լիներ առնվազն 1200 մետր, իսկ երթուղու հատվածների բարձրության աստիճանը չպետք է լինեին 12%-ից ավելի: Վազքուղում սահնակը կառավարվում էր մարմնի քաշով և շիպերով հատուկ կոշիկներով։
Սկելետոնի սահքի մեկնարկից առաջ ազդանշան է հնչում, որից հետո մարզիկը վազում է մոտ 30 մետր արագացնելով սահնակը, և երբ հասնում է որոշակի արագության, արագ պառկում է նրա վրա գրավելով օպտիմալ դիրք։ Այն բանից հետո, երբ մարզիկը հատում է քրոնոմետրի ճառագայթը, սկսվում է ժամանակի հաշվարկը: Իջնելիս արագությունը կարող է հասնել 140 կմ/ժ-ի, ինչը ծայրաստիճան վտանգավոր է, սովորական մայրուղու վրա ավտոմեքենայի արագությունը միջինը 150 կմ/ժամ է։
Մարզիկի քաշի հետ կապված կան որոշակի կանոններ: Կանանց մրցումներում սահնակի և մարզիկի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 92 կգ-ը՝ տղամարդկանց համար՝ 115 կգ-ը: Որպես կանոն, եթե կա քաշի պակաս, ապա սահնակին ամրացվում են լրացուցիչ կշիռներ։ Տրամաբանությունը բավականին պարզ է, որքան ծանր է սահնակը, այն այնքան ավելի արագ է սահում։ Մրցույթի յուրաքանչյուր մասնակից ունի երկու մրցավազքի իրավունք: Վերջնական արդյունքը որոշվում է երկու փորձերի ընդհանուր գումարի հիման վրա: Սկելետոնի սահուղին ունի 20 կտրուկ շրջադարձեր: Այդ շրջադարձերում մարզիկները զգում են նույն ծանրաբեռնվածությունը, ինչ տիեզերագնացները: Հաշվարկել են, որ եթե սահուղին լիներ ուղիղ, ապա սկելետոնի արագությունը կհասներ Boeing-737-ի արագությանը, այն է 250 կմ/ժ-ի:

Կ.Խաչիկյան