2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 միլիարդ 728,271 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ նվազել է 31,4%-ով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
Ռուսաստանի հետ առևտրային գործառնություններին բաժին է ընկել երկրի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության 7,01%-ը (Ռուսաստանը Ադրբեջանի հինգերորդ արտաքին առևտրային գործընկերն է՝ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից և Չինաստանից հետո)։ Համեմատության համար նշենք, որ 2025 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանը Ադրբեջանի երրորդ խոշոր գործընկերն էր՝ 10,33% մասնաբաժնով։
2026 թվականի առաջին վեց ամիսներին ադրբեջանական արտադրանքի արտահանումը Ռուսաստան կազմել է 608,557 միլիոն դոլար (աճը՝ 3%)։ Ընդհանուր առմամբ, դեպի Ռուսաստան մատակարարումներին բաժին է ընկել ադրբեջանական արտահանման 3,73%-ը։ Արտահանման ծավալներով Ռուսաստանը չորրորդ տեղում է այն երկրների շարքում, ուր ուղղվում է ադրբեջանական արտադրանքը։
Միևնույն ժամանակ, առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանը երկրորդ տեղում է ադրբեջանական ոչ նավթային արտադրանքի գնումների ծավալով (իսկ 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը հանդիսանում էր Ադրբեջանի ոչ նավթային արտադրանքի ամենախոշոր սպառողը)։ Հաշվետու ժամանակահատվածում դեպի Ռուսաստան ոչ նավթային մատակարարումները կազմել են 596,14 միլիոն դոլար (աճը՝ 1,7%), ինչը կազմում է ընդհանուրի 10,74%-ը։
Առաջին կիսամյակում Ադրբեջանը Ռուսաստանից ներմուծել է 1 միլիարդ 119,714 միլիոն դոլարի ապրանք (նվազումը՝ 42%), իսկ ներկրման ընդհանուր ծավալում ռուսական մատակարարումների մասնաբաժինը կազմել է 13,42%։ Ներմուծման ծավալներով Ռուսաստանը երրորդն է Ադրբեջանում (Չինաստանից և Թուրքիայից հետո)։
Այսպիսով, ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի հետ արտահանման և ներմուծման հարաբերություններում Ադրբեջանի բացասական հաշվեկշիռը (առևտրային դեֆիցիտը) կազմել է շուրջ 511,157 միլիոն դոլար։
Ամփոփելով նախորդ տարվա ցուցանիշները՝ 2025 թվականին ադրբեջանա-ռուսական ապրանքաշրջանառությունը հասել էր 4,92 միլիարդ դոլարի, ինչը 2,5%-ով ավելի էր, քան 2024 թվականին։