ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխուժության և հավասարակշռվածության այդպիսի համադրություն, ինչպիսին Դավիթի պարագայում էր, մի տեսակ անհավանական էր։ Մտքի, հումորի ճկունությունը և ֆիզիկական ճարպկությունն ուղղակի ֆանտաստիկ էին։ Փոքրուց շատ լավ ֆուտբոլ էր խաղում, սիրում էր իրենից ավելի ավագների հետ նույն թիմերում խաղալ։ Անասելի համեստ էր, ծայրահեղ ազնիվ և բարի, արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ։ Եթե ինչ-որ մեկի հանդեպ անարդար մի բան տեղի ունենար, նա կկանգներ այդ մարդու կողքին։ Զգայական խոր աշխարհ ուներ և բարոյական բարձր նորմեր, ֆանտաստիկ հոգատարություն տարիքով ավագների նկատմամբ։ Բարությունն իր ուժն էր։ Սուտը և Դավիթն անհամատեղելի էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթի մայրիկը՝ տիկին Լուսինեն։ Մայրիկի խոսքերով, որդու մեջ մեկտեղվել էին ազգասիրությունը, բարեկրթությունը, բարությունը, մեծահոգությունը, ազգային ինքնություն ունեցողի տեսակը։ «Կարելի է այս շարքն անվերջ շարունակել, երբ խոսում եմ տղայիս մասին: Նրա մեջ միաձուլվել էին ներքին և արտաքին գեղեցկությունը»։

Դավիթը ծնվել է Երևանում։ Ընտանիքի միակ արու զավակն է, քույրիկ ունի։ Սովորել է Փարաքարի հիմնական, այնուհետև՝ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցներում։ «Դպրոցում լավ է սովորել, արժանացել է գովասանագրերի և մի շարք օլիմպիադաների պատվոգրերի։ Ընդունակ աշակերտ էր, բոլոր առարկաների պարագայում հիմքը լավ էր դրված, սակայն ինչ-որ պահի իր նախընտրություններն ավելի շատ գնացին դեպի հումանիտար ուղղությունը»։ Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տուրիզմի և սերվիսի բաժին, բայց ուսանող լինել չի հասցրել։

2021 թվականի հուլիսի 7-ին Դավիթը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Էջմիածնի սակրավորների զորամասում՝ որպես ականազերծող, այնուհետև վեց ամիս անց տեղափոխվել է Սյունիքի մարզ՝ Կապանի գունդ։ Սյունիքում սահմանային դիրքերում է անցել նրա ծառայությունը։ «Թշնամուն դեմ հանդիման էին կանգնում։ Դավիթը վախ չուներ։ Բավականին երկար ժամանակով էր դիրքերում լինում, անգամ ձնառատ օրերին՝ մինչև մեկ ամիս ժամկետով։ Վտանգավոր դիրքերում է անցել տղայիս ծառայությունը՝ Ներքին Հանդից մինչև Ճակատեն ու Շիկահող։ Նորակոչիկների հետ էր շատ հաճախ դիրքեր բարձրանում։ Նա նրանց մեծ վստահություն էր փոխանցում։ Էջմիածնում ծառայելու ընթացքում հաճախ էինք զորամասից պատվոգրեր ստանում։ Բայց Դավիթն այնքան համեստ և զուսպ էր, որ երբեք որևէ կերպ չէր մատնանշում իր առավելությունը։ Ես էլ իրեն միշտ ասում էի՝ այդտեղ յուրաքանչյուրդ լավագույնն եք։ Ծառայության առաջին օրից ընդհանուրի կյանքով է ապրել։ Հոգատար և հովանավորող բնավորություն ուներ։ Եթե իրեն ինչ-որ բան էինք ուղարկում, խնդրում էր նույնից մի քանիսն ուղարկել և նրբանկատորեն տալիս էր նրան, ով ուներ դրա կարիքը։ Իր երդմնակալության օրը երկու նորակոչիկի հնարավորություն էր տրվել հրապարակային խոսք ասելու։ Իր ելույթի տեքստն անձամբ էր շարադրել, մի քանի րոպեում, որի հիմնական առանցքը «Մեծ պատիվ է ծառայել հայոց բանակում» միտքն էր։ Ցավոք, այդ նույն տեքստը կրկին հնչեցրեցին Էջմիածնի զորամասում՝ արդեն տղայիս զոհվելուց հետո»։

Դավիթը ծառայելու ընթացքում երկու անգամ արձակուրդ է եկել՝ մարտի ութին և մայրիկի ծննդյան օրը։ «Հուլիսի 18-ին իրեն ճանապարհել ենք։ Շարունակում էր իր ծառայությունը։ Սեպտեմբերի 9-ին պետք է դիրքեր բարձրանար։ Իրեն տաք հագուստ ուղարկեցի։ Այդ անգամ որոշեցի նաև իր սիրելի ուտելիքներն ուղարկել Կապան։ Ամսի 8-ին ամեն ինչ իրեն էր հասել։ Սեպտեմբերի 9-ին արդեն դիրքերում էր, երկու օր խոսել եմ իր հետ։ Սեպտեմբերի 11-ին մեզ ասաց, որ իրենց մոտ մարդիկ կան, խոսել չի ստացվում։ Սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը տասին մի քանի րոպեով ենք զրուցել։ Նույնն ասաց՝ մեզ մոտ մարդիկ կան, հարմար չէ։ Վերջին երկու օրերին զանգերը պակասել էին, ձայնը մտահոգ էր, իսկ զրույցները՝ կարճ։ Դավիթը լիովին հասկացել էր սպասվող վտանգը»։

Սեպտեմբերի 12-ի երեկոյան յոթին Դավիթը զանգում է հայրիկին, հարցնում, թե երբ է տանը լինելու, որ զանգահարի և բոլորի հետ միաժամանակ զրուցի։ «Ժամը տասին սպասում էինք իր զանգին, բայց նա այդպես էլ չզանգեց։ Լուրեր էինք ստանում, որ սահմանի երկայնքով լարվածություն է, իսկ հետո հասկացանք, որ պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 13-ի գիշերն իրեն զանգահարում էինք, բայց ապարդյուն։ Հետո իմացանք, որ անվտանգության նկատառումով իր հեռախոսը և քարտը նետել է տարբեր ուղղություններով»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Հարձակման ուղղություններից մեկն էլ Սյունիքի սահմանային գոտին էր։ «Դավիթն ամբողջ գիշեր կռվել է։ Անմնացորդ է եղել նաև այդ պատերազմում։ Ընթացքում կարողացել է չորս վիրավոր տղաների իջեցնել դիրքերից։ Մեկին իջեցնելուց հասկացել է, որ շրջափակման մեջ կարող են ընկնել, նրան գրկած նորից սարն ի վեր է բարձրացել։ Իր զինակիցներից մեկը ռազմական գործողությունների հենց ամենասկզբում որովայնի շրջանում վիրավորում է ստացել։ Իրեն չեն կարողացել իջեցնել, շարունակել են կռվել։ Հրամանատարը հենց սկզբից լքել է իր զինվորներին, Դավիթը և դիրքի ավագն են վարել մարտը։ Լուսանալուն մոտ իմացել են, որ նահանջի հրաման է տրված, տղաները չորս դիրքից պետք է իջնեին։ Թշնամին առաջխաղացում է ունեցել, բայց մեր տղաներն ամբողջ գիշեր անմնացորդ մարտ են վարել։ Անգամ ասում են՝ ռումբերի կարկուտ է տեղացել՝ աննախադեպ ինտենսիվության գնդակոծություն։ Տարբեր դիրքերից 27 տղա հավաքվել են իրենց մոտ, որ իջնեն։ Դավիթն ասել է. «Ես ПК-ով կկրակեմ, դուք իջեք, վիրավորին էլ ձեզ հետ տարեք, հետո ես ձեզ կհասնեմ»։ Ասում են՝ տասնյակից ավելի մարդկային ուժի կորուստ է պատճառել թշնամուն։ Տղաներն իջել են, Դավիթը հասել է իրենց ու հարցրել՝ ո՞ւր է վիրավորը։ Վիրավորին իջեցրած չեն եղել։ Այստեղ Դավիթը կանգնել է երկընտրանքի առջև՝ իր կյանքը կամ խիղճը։ Նա ընտրել է իր խիղճը։ Տղաներին ասել է՝ ավտոմատը լիցքավորեք և տվեք ինձ։ Նորից բարձրացել է վերև, բայց թշնամին նրան նշանառության տակ էր վերցրել»։ Դավիթը հայտնվում է դիպուկահարի թիրախում։ «Տղայիս ոչ ոք չի ստիպել գնալ վիրավոր ընկերոջ հետևից։ Նա դա արել է իր բացառիկ խղճից դրդված։ Եթե բոլորն էլ իրեն փորձեին համոզել դա չանել, նա ոչ մեկին չէր լսելու։ Նա կոմպրոմիս չուներ անարդարության հետ»։Դավիթն անմահացել է սեպտեմբերի 13-ին Կապանի Շիկահողի դիրքում՝ թողնելով մի կարևոր ուղերձ, որ հայկական բանակում վիրավոր ընկերոջ հետևից գնացող զինվոր կա։

Մայրիկն ասում է՝ չի համակերպվում որդու չլինելիության հետ։ «Իր բացառիկ՝ կյանք տվող էներգետիկ դաշտն անընդհատ իմ շուրջն է։ Այն համոզումն ունեմ, որ Դավիթը հիմա ուրիշ տեղում է։ Կա իր ժպիտը, հումորը, սրամտությունը։ Դավիթին Աստված էր ստեղծել այդպիսին, և Աստված շատ կար Դավիթի մեջ։ Տղայիս բարությունն էր իր անսահման ուժը։ Դավիթս ինձ անդունդից դուրս բերեց և կյանք վերադարձրեց։ Նրա անսահման ուժն ու արժանապատվությունն են ինձ պարտավորեցնում ապրել»։

Հ. Գ. - Դավիթ Գիշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular