Հայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայ ծաղկարտադրողները Ռուսաստան մատակարարումների սահմանափակումների ֆոնին արագորեն են վերակազմակերպում իրենց լոգիստիկան։ Մինչ Ռոսսելխոզնադզորը տեղական ջերմոցներում ֆիտոսանիտարական ստուգումներ է անցկացնում, Երևանն արդեն իսկ գործարկել է դիվերսիֆիկացման մեխանիզմներ արտադրանքի առաջին խմբաքանակները ուղարկելով Լատվիա և Ուկրաինա և մուտք ստանալով Նիդեռլանդներում գտնվող աշխարհի ամենամեծ ծաղկի բորսային, գրում է fontanka.ru–ն։
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի խոսքով Royal Flora Holland-ը՝ ամենամեծ միջազգային ծաղկի շուկան, հունիսի 7-ին պաշտոնապես բացել է իր դռները հայ մատակարարների համար։ Այս որոշումը, նրա խոսքով, ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության այն փաթեթի գործնական մասն է, որի մասին հունիսի 4-ին հայտարարել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Մենք ուսումնասիրել ենք, թե ինչպես կարող ենք գործնականում աջակցել այնպիսի տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։
Արդյունքում, Royal Flora Holland-ը այժմ կապում է հայ արտադրողներին Եվրոպայի և դրա սահմաններից դուրս գտնվող գնորդների հետ», - գրել է Բերենդսենը իր պաշտոնական հայտարարության մեջ։
Ինստիտուցիոնալ աջակցությանը զուգահեռ, իրական առաքումներն են արդեն ընթացքի մեջ։ Հայաստանը հաջողությամբ Լատվիա է արտահանել 5500 ծաղկից բաղկացած մեկ փորձնական խմբաքանակ։ Ավելին, 9500 ծաղկից բաղկացած մեկ խմբաքանակ էլ արդեն իսկ հասցվել է Ուկրաինա ավտոմոբիլային ճանապարհով, և շուտով սպասվում է երկրորդ խմբաքանակի ժամանումը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի սահմանափակող միջոցառումները ուժի մեջ են մտել մայիսի 22-ին։ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը ժամանակավորապես կասեցրել է հայկական բուսական արտադրանքի ներմուծումը։ Գործակալության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ բեռնափոխադրումներում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության կարանտինային կանոնակարգերին ենթակա վնասատուներ և օրգանիզմներ։ Կրեմլը ընդգծել է, որ արգելքը ուժի մեջ կմնա մինչև ստուգումների ավարտը և տվյալների վերջնական վերլուծությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am