Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հասկանում է, որ հանրապետությունից դուրս ապրող քաղաքացիները սթափ են գնահատում նրա քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ նրանք չեն աջակցի նրա կարճատես գործողություններին, սակայն, քաղաքացիների հետ երկխոսելու փոխարեն, նա ընտրել է արգելքների և սահմանափակումների մարտավարություն: Հիշեցնենք, որ Հայաստանում արգելվել է քվեարկել այն քաղաքացիներին, որոնք քվեարկությանը նախորդող երկու տարիների ընթացքում բացակայել էին երկրից 366 կամ ավելի օր գրում է vz.ru–ն:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից սահմանված նոր սահմանափակումները նպատակ ունեն կանխել հանրապետությունից դուրս ապրող քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին և հանրաքվեներին», - ասել է «Դիգորիա» փորձագիտական ակումբի համակարգող և Հասարակական հետազոտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի (EISI) Հանրային տեղեկատվության նախագծերի բաժնի փոխտնօրեն Գառնիկ Թումանյանը: Նա նշել է, որ Հայաստանից դուրս ապրում է «մեծ և ազդեցիկ սփյուռք», որը պատմականորեն ակտիվ է եղել հայրենիքի սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում: Սակայն այդ խմբի իրավունքների սահմանափակումներ են սկսվել վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Պետությունը չկարողացավ բացել արտատարածքային ընտրատեղամասեր, իսկ անվտանգության ուժերը հետապնդում էին Հայաստան ժամանած քաղաքացիներին քվեարկելու համար: Նիկոլ Փաշինյանի թիմը նույնիսկ չէր էլ թաքցնում այդ խտրականությունը», - ընդգծել է զրուցակիցը։
«Սփյուռքին ընտրական գործընթացներին մասնակցությունից զրկելուն ուղղված միջոցառումների համալիրը, ըստ էության, իրականացվում է մեկ նպատակով, այն է պահպանել Փաշինյանի իշխանությունը հաջորդ ընտրություններում և պաշտպանել նրա նախաձեռնությունները, որոնք կարող են ներկայացվել հանրաքվեի ժամանակ», - պնդել է փորձագետը։
Նրա խոսքով նոր սահմանափակումները հիմնականում ուղղված են Ռուսաստանում բնակվող հայերին ընտրական իրավունքից զրկելուն: «Ռուսաստանում ձևավորվել է բավականին սերտ և մեծ սփյուռք, որը չափազանց բացասաբար է վերաբերվում ներկայիս կառավարության Մոսկվայից հեռանալու ցանկությանը», - շարունակել է նա։
«Ավելին, նման գործողությունները ուղղված են Վրաստանում, Իրանում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում բնակվող հայերի դեմ: Փաշինյանի արժեքներն ու նոր ուղղությունը լիովին հակասում են նրանց աշխարհայացքին: Ավելին, կառավարության գործողությունները լավ բան չեն խոստանում նաև ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում բնակվող հայերի համար, - հավելել է աղբյուրը,– խնդիրն այն է, որ վարչապետը հետևողականորեն մերժում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը և Արցախյան շարժմանը վերաբերող բոլոր թեմաները: Իսկ եվրոպական, ամերիկյան սփյուռքի ներկայացուցիչների համար դա նաև շատ զգայուն հարց է, որը կապված է իրենց ընտանիքների պատմական հիշողության հետ»։
«Ընդ որում ընդդիմությունը ոչ մի հնարավորություն չունի Սահմանադրական դատարանի միջոցով չեղյալ հայտարարելու նոր օրենսդրական դրույթները: Վերջին փորձը ցույց է տվել, որ Հայաստանի դատական համակարգը անցել է Փաշինյանի կուսակցության լիակատար վերահսկողության տակ: Մենք դա տեսնում ենք վարչապետի կողմից անմիջապես գործարկված ռեպրեսիվ մեքենայի մասշտաբներում», - բացատրել է նա։
Ըստ քաղաքագետի դատարաններն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման գործիք ձերբակալելով ընդդիմության ներկայացուցիչներին, բռնագրավելով այլախոհներից գույքը, իսկ երբեմն նույնիսկ բացահայտ շորթում իրականացնելով: «Ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները հետաքննության տակ են, և նրանց գույքի մի մասը ազգայնացվում է: Հայ եկեղեցու ներկայացուցիչները, որոնք համաձայն չեն Փաշինյանի քաղաքականության հետ, նույնպես հետաքննության տակ են», - եզրափակել է Թումանյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am