Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքների արդյունքում ՀՆՓԱԻԿ-ի և Լոռու փրկարարները Դսեղի տարածքով անցնող գետում կասկածելի մարմինը նկատել են, որից հետո օգտագործել են դրոն և համոզվելով, որ այն որոնվող քաղաքացին է, այս պահին արդեն Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտենում է, որպեսզի դին տեղափոխի ափ։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը Լոռու մարզի Փամբակ գետի հարևանությամբ տեղադրված շտաբում հերթական խորհրդակցությունն էր անցկացրել, որին ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանը և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։
Խորհրդակցությունը վերաբերում էր հունիսի 27-ին ավտովթարի հետևանքով Փամբակ գետն ընկած երկրորդ քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերելուն։
Որոնողական աշխատանքներին միացել էին նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ համայնքային ոստիկանները պարզել էին, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել էին, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն էր, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։
5-6 ջրասուզակներ Փամբակ գետում, կարելի է ասել՝ վտանգելով իրենց կյանքը, քանի որ շատ տեղերում ջրի խորությունը հասնում է մինչև 2,5-3 մետրի, շարունակում էին որոնողական աշխատանքները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։