ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

Օրերս MediaHub-ն անդրադարձել էր Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Ա․ Մանուկյանի հետ տեղի ունեցած դեպքին, ինչի հետևանքով երեխան հայտնվել էր հիվանդանոցում, իսկ դեպքը հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։

Դպրոցական էքսկուրսիայից հետո տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր և հաջորդ օրը ծնողները նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Հետազոտման արդյունքում նրա արյան մեջ մեծ չափաբաժնով թմրանյութի օգտագործման հետքեր էին հայտնաբերվել և այդ դեպքով ՆԳՆ-ում գործ էր հարուցվել, այժմ նախաքննություն է ընթանում։ Նշենք, որ տղայի մոտ նաև հիշողության կորուստ կար, մի քանի օր հետո նա դուրս էր գրվել հիվանդանոցից և այժմ տանն է շարունակում բուժումն ու վերականգնումը։ Ինչպես տեղեկացրել էր տղայի հորաքուրը՝ նրա մոտ նաև հոգեբանական խնդիրներ են առաջացել և նրան հոգեբանական օգնություն ևս ցուցաբերում են։
 
Մենք գրավոր հարցում ենք ուղարկել Քննչական կոմիտե՝ գործի հետ կապված որոշակի մանրամասներ հստակեցնելու համար։ Բայց մինչև Քննչական կոմիտեն որևէ տեղեկատվություն կհրապարակի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ամբողջ իրավապահ համակարգը դիտարկում է դեպքը, ոստիկանությունն օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում։ Նախարարը նաև հավատիացրեց, որ հարցն անձամբ իր հսկողության ներքո է գտնվում և ցանկացած ճշգրիտ տեղեկություն լինելու դեպքում այն կհանրայնացնեն։ Ըստ Արփինե Սարգսյանի՝  նախնական հետաքննության ժամանակ նույնականացված անձի են հայտնաբերել, սակայն փաստերը բավարար չեն, որ տվյալ անձի մեղավորությունը ճանաչվի։

Լրագրողների մտահոգ հարցին, թե արդյո՞ք նմանատիպ դեպքերը մեզանում օրինաչափություն չեն դարձել, ՆԳ նախարարը վստահեցրել է, թե մասնավորապես անչափահասների շրջանում իրենք այդպիսի պատկեր չեն արձանագրել և այսպիսի դեպք, որ այդ տարիքի երեխան է զոհ դարձել, առաջին անգամ է իրենց ուշադրության կենտրոնուոմ հայտնվել․ «Անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործման վիճակագրական բազան մշտապես մինչև տասը դեպքի շրջանակներում է տատանվել»։   
 
MediaHub-ը դեպքի առնչությամբ զրուցել է կախվածությունների մասնագետ Սուրեն Նազինյանի հետ, որն ասաց, որ մեր երկրում թմրանյութերի տարածման աստիճանը բավականին մտահոգիչ է, և վերջին տարիներին դրանք հասանելի են դարձել նաև դեռահասներին։ «Թմրամիջոցների գործածումը վերջին տարիներին տարածվել է, և ցավալի է, որ թմրանյութեր են սկսել օգտագործել ոչ միայն երիտասարդները, դրանք հասանելի են դարձել նաև դեռահասներին։ Սակայն երբեմն ուռճացված հայտարարություններ են հնչում, թե նաև դպրոցներում են թմրանյութեր տարածում։ Ես որևէ նման փաստ չեմ տեսել և արձանագրում չեմ արել։ Բայց, ի տարբերություն նախորդ տասնամյակի, իհարկե վերջին տարիներին նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ են դեռահասները ներգրավված։ Անգամ անցած տարի երկու 17-ամյա անչափահաս աղջիկներ էին ձերբակալվել ապօրինի թմրանյութ իրացնելու կասկածանքով։ Նարկոլոգիական ծառայությունների կողմից հաշվառված դեռահասներ կան։ Այս վերջին դեպքը շատ մտահոգիչ է, փաստորեն արդեն 12 տարեկան երեխայի օրգանիզմում է հնարավոր թմրամիջոց հայտնաբերել։ Նախաքննությունը կպարզի, թե դա ինչպես է պատահել, բայց թե՛ իրավապահ մարմինների, թե՛ առողջապահական մարմինների տեսադաշտում դեռահասների հայտնվելը ցույց է տալիս, որ խնդիրն ավելի խորքային է, որ թմրանյութերի օգտագործումն ու վաճառքի դեպքերը շատ ավելի տարածված են, քան դրանք բացահայտվում են, յոթ-ութ դեպքով չի սահմանափակվում, դրանք ընդամենը իրավապահների տեսադաշտում հայտնված դեպքերն են, դրանով լրջորեն է պետք զբաղվել»,- ասաց Սուրեն Նազինյանը։
 
Խոսելով թմրանյութերի տարածման պատճառների մասին՝ կախվածության մասնագետն ասաց, որ ամբողջ աշխարհում է թմրանյութերի տարածվածությունն աճել, դրանք տարածելու, իրացնելու նոր մեխանիզմները հնարավորություն են տալիս առանց նույնականացվելու և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու աննկատ թմրանյութեր իրացնել։ Հիմնականում թմրանյութեր իրացնողները օգտվում են «Թելեգրամից», ինչի շնորհիվ իրացնողն անգամ թմրամիջոց ձեռք բերողի համար է մնում անհայտ, նրանք միմյանց դեմ առ դեմ չեն հանդիպում, հետևաբար մատակարարի հետքը գտնելն ու պատասխանատվության ենթարկելը բավականին բարդանում է։

Ի դեպ, Հայաստանում նաև օգտագործվող թմրանյութերի տեսակներն են համալրվել ավելի ծանր ու շատ ավելի վտանգավոր նյութերով։ Եթե նախկինում ավելի շատ մարիխուաննա, հերոին էին օգտագործում, ապա հիմա դրանց ավելացել են նաև սինթետիկ միջոցները։ Հայաստանում մեծամասամբ մեթամֆետամին են օգտագործում։
 
«Մեր տարածաշրջանում թմրաշրջանառության պատկերը փոխվել է։ Եթե նախկինում մեր տարածաշրջանում՝ կլիմայական և աշխարհագրական դիրքով պայմանավորված տարածված էին երկու խմբի թմրանյութեր՝ կաննաբինոիդներ և օփիոիդներ, հիմա, օրինակ, Աֆղանստանից, որը բավականին մոտ է մեր տարածաշրջանին, սկսել են մեծ քանակությամբ զարտուղի ճանապարհներով այնտեղ ապօրինի արտադրված հոգեխթանիչներ ներմուծել ու սպառել։ Խոսքը սինթետիկ հոգեխթանիչների մասին է, ինչպիսին մեթամֆետամինն է։ Դա տարածաշրջանի պետությունների համար լրջագույն մարտահրավեր է դարձել»,- պարզաբանեց կախվածությունների մասնագետը։
 
Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թմրանյութերի օգտագործումը, հատկապես սինթետիկ հոգեխթանիչներինը՝ նկատի ունենալով նաև 12-ամյա Ա․ Մանուկյանի մոտ հիշողության կորուստը։ Ըստ նրա՝ բոլոր թմրամիջոցներն են վտանգավոր, բայց հատկապես սինթետիկ խթանիչների օգտագործման դեպքերում են հաճախ գերդոզավորումներ լինում։ Դրանք շատ արագ կախվածություն են առաջացնում և լուրջ առողջական խնդիրներ՝ ընդհուպ ծանր հոգեախտաբանական խնդիրները՝ անդառնալի ընթացքով։ Հաճախ նման բուժառումները հայտնվում են ոչ թե նարկոլոգիական բժշկական հաստատություններում, այլ հոգեկան առողջութան կենտրոններում։  
 
Սուրեն Նազինյանը նաև հիշեցրեց, որ 2025 թվականի հունիսին կառավարության կողմից թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարություն է հաստատվել, որը բավականին արդյունավետ է, միայն թե այն հարկավոր է լիարժեքորեն կիրառել։ Դրանում շատ մեծ ուշադրություն է դարձվել կրթական, իրազեկման բաղադրիչին։ Թե որքանով է այդ հայեցարակը իրառվել և ինչ արդյունքներով, առաջիկայում MediaHub-ը կներկայացնի առանձին ուսումնասիրությամբ։
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular