Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններն այն մասին, թե եվրասիական ինտեգրացիոն գործընթացները Հայաստանին միայն շոշափելի օգուտներ են բերում, իսկ հայ հանրությունն ունի Մոսկվայի հետ կապերը խորացնելու հստակ պահանջ, առնվազն կտրված են գետնի վրա առկա իրողություններից։ Մինչ պաշտոնական խողովակներով հնչում են սիրալիր խոստումների ու դարավոր բարեկամության մասին թեզեր, գործնականում իրականացվում է բոլորովին այլ՝ կոշտ ու տապորային քաղաքականություն, որի հիմնական թիրախը դառնում է ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ հենց հայ ժողովուրդը։
Տնտեսական տարբեր լծակներով, մաքսակետերում արհեստական խոչընդոտներով ու սահմանափակումներով իրականացվող այս քայլերը առաջին հերթին հարվածում են երկրի ամենախոցելի խավերին։ Տուժում են հայ գյուղատնտեսները, որոնց բերքը շաբաթներով մնում է սահմաններին, մանր ու միջին ձեռնարկատերերը, ինչպես նաև խոշոր բիզնեսը, որոնք կանգնում են կազմալուծման եզրին։ Արդյունքում կաթվածահար է լինում Հայաստանի տնտեսությունը, և այս ամենի ծանրությունը կրում է շարքային քաղաքացին, ում անունից այդքան սիրում են խոսել Մոսկվայում։
Սակայն ամենաուշագրավն ու ձախողվածն այս մակերեսային ռազմավարության մեջ այն է, որ Ռուսաստանի այս գործողությունները երկրում բոլորովին հակառակ էֆեկտն են ունենում։ Փոխանակ հանրության շրջանում հակաիշխանական տրամադրություններ գեներացնելու, դրանք ուղղակիորեն աշխատում են հօգուտ Նիկոլ Փաշինյանի և ավելի են ամրապնդում նրա դիրքերը։ Իշխանությունը հրաշալիորեն օգտագործում է Մոսկվայից եկող յուրաքանչյուր տնտեսական ու քաղաքական ճնշում՝ հակառուսական տրամադրություններ ունեցող քաղաքացիներին և սեփական ընտրազանգվածին իր շուրջը կոնսոլիդացնելու համար։
Այս տապորային մոտեցումների շնորհիվ է նաև, որ Փաշինյանին հաջողվեց հավաքել մոտ 50% քվե և վերարտադրվել։ Մոսկվայում այդպես էլ չեն ցանկանում հասկանալ մի պարզ ճշմարտություն. Հայաստանի դեմ ուղղված յուրաքանչյուր կոպիտ քայլ ու պատժամիջոց ոչ թե թուլացնում, այլ քաղաքականապես սնուցում է գործող իշխանությանը՝ նրանց տալով հիանալի առիթ սեփական ձախողումները արտաքին ուժերի վրա բարդելու և հանրությանը «արտաքին սպառնալիքի» դեմ համախմբելու համար։
Վերջին շրջանում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարբերաբար տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ է հնչեցնում նաև Հայաստանում սպասվող կամ տեղի ունեցող ընտրական գործընթացների վերաբերյալ։ Սակայն որքան շատ է Մոսկվան փորձում միջամտել կամ ուղղորդել հայաստանյան ներքաղաքական անցուդարձը, այնքան ակնհայտ է դառնում, որ Զախարովայի այդ հայտարարությունները որպես կանոն սկսել են աշխատել բացառապես գործող իշխանության օգտին՝ դառնալով նրանց քաղաքական գոյության լավագույն երաշխավորը։
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ