ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը հունիսի 7-ն է՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրը: Այն օրը, որի մասին հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում խոսում էին գրեթե բոլոր հնարավոր «խոսացող» սարքերից, բոլոր բակերում ու հրապարակներում:

Շատերն այս օրերին լարված կամ հետաքրքրությամբ հետևում էին թեկնածուների նախընտրական հանդիպումներին, բանավեճերին, հարցազրույցներին: Առավել ակտիվ հայրենակիցները անմիջականորեն էին մասնակցում այդ հանդիպումներին ու հավաքներին: Մի խոսքով՝ ակտիվ նախընտրական մեկ ամիս էր, որի մի շարք բնութագրական դրսևորումներին անդրադառնալու, գնահատականներ տալու հնարավորություններ դեռ կլինեն:

Հիմա ամենից կարևորն այն է, թե ինչ կլինի վաղը՝ հունիսի 7-ին: Իսկ ինչ կլինի վաղը, դա գիտի միայն ժողովուրդն ինքը: Բայց, անկախ այդ ամենից, կան էական հանգամանքներ, որոնց էլ ստորև կանդրադառնանք:

Առաջինն այն է, որ հունիսի 7-ից հետո անխուսափելիորեն լինելու են հունիսի 8-ը, 9-ը, 10-ը: Ասել կուզի՝ հունիսի 7-ով կյանքը կամ ամեն ինչ չի ավարտվելու: Ու այս տեսանկյունից, կարծում ենք, շատ կարևոր են ոչ միայն քվեարկության, ընտրությունների արդյունքները, այլև ու առաջին հերթին՝ հասարակության պահվածքը, հոգեվիճակը և, իհարկե, հասարակության վերաբերմունքը սեփական պետությանը:

Իսկ այստեղ արդեն կարևոր խնդիր է այն, որ մենք, ցավոք, հիմնականում սահմանափակվել ենք «մեր տան դռան առաջի շորով»: Այսինքն՝ մեր սեփական փոքրիկ «աշխարհում» ամեն ինչ քիչ թե շատ տեղում թող լինի, իսկ դրանից այն կողմ ինչ է կատարվում, արդեն առանձնապես մեր հոգսը չէ, կամ որ ավելի տխրեցնող է՝ «բա քեզ պետք ա՜...»:

Բացի այն, որ դա անհեռատես մոտեցում է, դա նաև սեփական անձը մոլորության մեջ գցել է: Հա, «դռան առաջի շորը» կարևոր է, բայց նույնքան կարևոր է, թե որտեղ է բնակարանը (տունը), ինչ է շուրջը կատարվում, ինչ միջավայր ու մթնոլորտ է այդ տան կամ շենքի շուրջ, կողքի բակում, մյուս թաղամասում, քաղաքում, երկրում:

Վերը նշված «կենցաղային աշխարհընկալումը» բերում է նրան, որ շատերը շատ ավելի ընդգրկուն, մեծ խնդիրները չեն տեսել, չեն տեսնում կամ չտեսնելու են տվել ու տալիս՝ սահմանափակվելով զուտ «ինձ համար լավ լինի» մոտեցմամբ: Ցավալիորեն՝ տարիներ շարունակ, միշտ: Այնպես չէ, որ միայն վերջին տարիներին է դա ի հայտ եկել: Այդպես միգուցե հնարավոր է անձնական տարածքում անհատական անդորրի խաբուսիկ զգացողություն ունենալ, ավելի շուտ՝ պատրանք: Բայց այդպես, չասենք՝ անհնար, սակայն շատ դժվար է ունենալ լիարժեք կամ կենսունակ հասարակություն: Իսկ առանց նման հասարակություն ունենալու դժվարանում է նորմալ պետություն ունենալու հարցը:

Նույնի հետ շաղկապված ու շատ ավելի կարևոր հանգամանք է այն, որ հասարակությունն, ի վերջո, պետք է թոթափի ծայրահեղ ներքին անհանդուրժողականությունը և ներմուծված ներքին թշնամանքը, չարությունը, ատելությունը: Մեր հասարակությունն ասես կախարդական «ծուռ հայելու բեկորներից» տուժած լինի՝ այնքան նվազած են թվում պարզ, մադկային ապրումակցումը, դիմացինի նկատմամբ նորմալ վերաբերմունքը:

Սա կենսական հարց է: Նույնիսկ ավելորդ է քննարկել, որ ատելությունն ու չարությունը չթոթափելով՝ անհնար է ունենալ հենց հասարակություն ինքնին: Առանց այդ ծանրությունից ազատվելու անհնար է ունենալ պետություն, անհնար է ունենալ առաջխաղացում:

Սա խիստ տարողունակ թեմա է՝ լրագրային հոդվածում համակողմանի դիտարկելու համար: Բայց հիմնականն այն է, որ ատելությամբ ու չարությամբ կարելի է ջարդել, քանդել, փշրել, սակայն ստեղծել, արարել, կառուցել՝ երբեք: Չէ, պոետիկ բաներ չենք ասի՝ սիրո մասին: Բայց սկզբի համար մեր ժողովրդին իսկապես անհրաժեշտ է թոթափել ներքին չարությունը: Առանց դրա մենք չենք կարողանալու դրսևորվել որպես հասարակություն: Իսկ հետո, եթե ստացվի, հնարավոր է նույնիսկ համախմբվել հիմնականի ու կարևորի շուրջ:

Մեզ համար այդ հիմնականն ու կարևորը մեր երկիրն է ու մեր երկրում մեր երեխաների ապագան: Այսինքն՝ հասարակությունը պետք է, որ ավելի պատասխանատու լինի սեփական երկրի նկատմամբ: Պետք է, որ ճիշտ գնահատի իր արժեհամակարգերը:

Ի դեպ, նույն հասարակության մի շերտն է նաև «իրավապահ համակարգը»: Ինչ էլ լինի, ինչեր էլ ասվեն, նրանք, ի վերջո, այլ մոլորակից չեն եկել, մեր ժողովրդի ներկայացուցիչներ են:

Տեսեք, փոխվել են հասարակարգեր, փոխվել են տարբեր իշխանություններ: Այլ տեղերում էլ են փոխվում: Բայց իրավապահ համակարգը պետք է մնա իր դիրքերում, այն պետք է գերակա դիտի պետության շահը և օրինականության ապահովումը, չներքաշվի քաղաքական կոնյուկտուրայի ու շահերի սպասարկման հարթություն, ինչի դեպքում հարցականի տակ է դրվում նրանց բուն առաքելությունն ու կոչումը:

Սրա գիտակցումը չափազանց կարևոր է մեր ժամանակներում և մեր իրավիճակում: Հա, ու այս համակարգում էլ չպետք է մոռանան, որ լինելու է հունիսի 8, 9, 10... Անկախ նրանից, թե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեն:

Կյանքը մեկ օրվա համար չէ: Ու երկիրն էլ մեկ սերնդի համար չէ:

Իդեալական մոտեցմամբ, իհարկե, ցանկալի է, որ մեր հասարակությունն էլ երբևէ հասնի մի իրավիճակի, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կենտրոնացած է իր գործի վրա՝ լինի ուսուցիչ, բժիշկ, հողագործ թե պատշար կամ թեկուզ՝ լրագրող: Եվ հավուր պատշաճի անի իր գործը: Չէ, չենք ասում, թե զերծ մնան քաղաքական դիրքորոշումից, առավել ևս՝ քաղաքացիական դիրքորոշումից: Դրա մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ այդ ամենը պետք է լինի սեփական անելիքին երկրորդված ու երբեք չպարտադրված:

Այսօր, թվում է, թե շատ հեռու է մեր համատեղ ընթացքը դեպի այդ նվազագույն իդեալականը: Բայց դա անհնարին չէ: Կարևորը՝ ձերբազատվել մեր հասարակական մարմինը ներսից հյուծող չարությունից ու անհամերաշխությունից: Երբ այդ ամենից ազատվենք, միգուցե սկսենք նկատել, որ, այնուամենայնիվ, ավելի շատ միավորող բաներ կան, քան մեզ իրարից հեռացնող, տարանջատող: Եվ այդ դեպքում հնարավոր է, որ սկսենք արդեն ոտքի կանգնել, որպեսզի առաջ ընթանանք: Ի վերջո, ճանապարհն ընթացողն է հաղթահարում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular