Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1242-Ն որոշման մեջ։ Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցառման շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները ծրագրի շահառու են և ստանում են համապատասխան փոխհատուցում։ Միևնույն ժամանակ, ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը խմբակի ձևաչափով կազմակերպելու դեպքում խմբակավարները գործող կարգավորմամբ շահառու չեն և չեն օգտվում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։ Սրա արդյունքում գործնականում դժվարանում է ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման ապահովումը, հատկապես այն բնակավայրերում, որտեղ համապատասխան մասնագետների առկայությունը սահմանափակ է։ Մասնագետների սակավությունը և նրանց տարածքային անհավասար բաշխվածությունը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում կրթության իրավունքի լիարժեք իրացման, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման համար։ Հաճախ համապատասխան մասնագետները ստիպված են աշխատել միաժամանակ տարբեր բնակավայրերում՝ հաղթահարելով զգալի հեռավորություններ, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում և նվազեցնում նման գործունեության արդյունավետությունն ու շարունակականությունը։
Նախագծի նպատակը ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման հասանելիության ապահովումն է, ինչպես նաև համապատասխան խմբակավարների համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցով հավասար պայմանների ստեղծումը՝ անկախ ուսուցման կազմակերպման ձևից։
Թիվ 1242-Ն որոշմամբ սահմանվել է հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը։ Գործող կարգավորմամբ, ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները ներառված են շահառուների շրջանակում, սակայն նույն լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները չեն ընդգրկվում փոխհատուցում ստացող անձանց ցանկում։
Գործնականում բազմաթիվ դեպքերում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացվում է հենց խմբակների միջոցով՝ պայմանավորված համապատասխան մասնագետների սահմանափակ թվով և առանձին դպրոցներում սովորողների ոչ մեծ քանակով։ Այդ պայմաններում խմբակավարների կողմից մի քանի բնակավայրերում կամ դպրոցներում գործունեություն ծավալելը դառնում է անհրաժեշտություն։ Սակայն տրանսպորտային ծախսերի փոխհատուցման բացակայությունը նվազեցնում է մասնագետների ներգրավվածության հնարավորությունը և վտանգում ծրագրերի շարունակական իրականացումը։
Առաջարկվող լրացմամբ, ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները ևս կդառնան տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառու։
Նախագծի ընդունումը ենթադրում է պետական բյուջեի ծախսերի ավելացում, մասնավորապես՝ 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակի և 2027 թվականի համար լրացուցիչ ծախսերը կկազմեն համապատասխանաբար 271,5 հազար դրամ և 615,4 հազար դրամ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում