ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենի հետ Նոր Հաճնի ադամանդի գործարանում ենք ծանոթացել։ Ես ավելի կարճ ժամանակ աշխատեցի այնտեղ և դուրս եկա աշխատանքից։ Հետո սկսեցինք ընկերություն անել, այնուհետև նշանվեցինք, իսկ 2003 թվականին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարինեն՝ Կարենի կինը։ Կարենը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում։ Դպրոց հաճախել է գյուղում, ավարտել այն գերազանց առաջադիմությամբ, այնուհետև ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական քոլեջը։ Սովորելու տարիներին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Արարատի մարզում՝ թիվ N զորամասում։ Արժանացել է պատվոգրի կարգապահ և բարեխիղճ ծառայության համար։

Երբ խնդրում եմ Նարինեին պատմել ամուսնու մասին, նա միանգամից ասում է. «Միշտ ասել եմ՝ Կարենն իմ խաղաղության աղավնին էր։ Նա բնավորությամբ շատ հանգիստ, խաղաղ մարդ էր, չէր սիրում վեճեր, կռիվներ։ Նա ընտանիքում խաղաղության աղավնին էր, այդպիսին էլ մնաց։ Հրաշալի զավակ էր իր ծնողների համար, հրաշալի ամուսին՝ ինձ համար, հոգատար հայր՝ մեր երեխաների համար»։ Կարենն ու Նարինեն երկու երեխա ունեն՝ որդի և դուստր։ Ավաղ, երկուսն էլ աուտիզմ ունեն։ «Հիմա ինձ համար այնքան դժվար է։ Կարենն իմ ընկերն էր, և այժմ անտանելի դժվար է առանց իր աջակցության։ Նախքան պատերազմը, մի քանի տարի էր՝ մեր բնակարանն էինք ձեռք բերել։ Կարենն այն վերանորոգեց։ Այնքան հանգիստ էինք ապրում, իրար հետ հաղթահարում բոլոր դժվարությունները։ Ես իրեն հուսադրում էի՝ մեր երեխաների խնդիրները հասկանալով՝ պետք է ապրենք, արարենք։ Ես իրեն թև տալով, նա ինձ թիկունք լինելով՝ անում էինք ամեն հնարավորը մեր երեխաների համար։ Ոչ մեկից երբեք օգնություն չենք խնդրել։ Երբ իրեն առաջարկում էի, որ կարող ենք այս կամ այն հիմնադրամին դիմել, Կարենն ասում էր՝ խնդիրը մերն է, մենք կլուծենք, ես քո թիկունքին կանգնած եմ»։

2011 թվականին է Կարենը ծառայության անցել Խաղաղապահ զորքերում։ Մասնակցել է առաքելությունների Աֆղանստանում և Կոսովոյում, որակավորման դասընթացներ անցել Գերմանիայում և Ռումինիայում, արժանացել է մի շարք մեդալների և պատվոգրերի։ «Իր եղբայրն էր սկզբում ծառայում այդ զորքերում, և Կարենին էլ իր հետ տարավ։ Սկզբում, կարծես, որպես աշխատանք դիտարկվեր դա։ Բայց հետագայում շատ սիրեց զինվորականի գործը և նվիրվեց դրան։ Շատ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում ամեն ինչին։ Գալիս էր տուն, տետրը տալիս ձեռքս, և միասին կանոնների իմացությունը պետք է ստուգեինք։ Ամեն ինչ պետք է վարժ իմանար։ Ես էլ, կարծես, իր հետ ծառայեի՝ իր հետ անգիր էի անում, իր հետ սովորում, կարծես իր հետ այդ ճանապարհն անցնեի։ Եվ ամեն անգամ ասում էր՝ պետք է հարգել զինվորականի համազգեստը։ Լինելով զինվորականի կին՝ դու էլ իր հետ և՛ անցնում ես դժվարությունների միջով, և՛ ուրախանում ձեռքբերումներով։ Գիշերվա կեսին կարող էին տագնապ հայտարարել, ամեն ինչ պետք է պատրաստ լիներ, որ միանգամից գնար զորամաս։ Այդ շրջանում արդեն կես բառից իրար հասկանում էինք։ Իր գործին նվիրված զինծառայող էր։ Անգամ պատերազմի ժամանակ իր հրամանատարն ասել էր՝ երբ ամեն ինչ ավարտվի, անպայման հաշվի եմ առնելու քո մասնակցությունն այս պատերազմին»։

Կարենն անցել էր Քառօրյա պատերազմի բովով։ Եղել էր մարտի դաշտում՝ Թալիշում։ 44-օրյա պատերազմից ևս անմասն չմնաց։ «Հենց առաջին օրը մեկնեց մարտի դաշտ։ Հրահանգ տվեցին, որ ջոկատը հավաքի։ Հոկտեմբերի 26-ին տուն եկավ երեք օրով, 29-ին գնաց։ Ամեն ինչ արել եմ այդ ընթացքում, որ չվերադառնա մարտի դաշտ։ Միշտ ասում էի՝ Կա՛ր, բա ես ո՞նց եմ անելու, երեխաների հետ մենակ կմնամ, եթե քեզ մի բան պատահի, մի գնա։ Արձագանքում էր. «Ն՛ար, մի նեղվի, ես հետ եմ գալու, կռիվ է, պետք է տանք, փախչելով չի լինի»։ Իր բառերը երբեք չեմ մոռանա՝ ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես. «18 տարեկանների հետ պետք է լինենք, կռիվ է, կտանք ու հետ կգանք»»։

Կարենը պատերազմի օրերին եղել է Քարվաճառում։ «Ամբողջ ընթացքում այնտեղ է եղել, այնտեղ էլ նոյեմբերի 3-ին զոհվեց ԱԹՍ-ի հարվածից։ Ամբողջ ընթացքում ինձ օրը մեկ անգամ զանգահարել է կամ նամակներ գրել, միայն մեկ օր չի զանգել, դա ահավոր օր էր, շատ անհանգիստ էի, մինչև իրենից լուր ստացա»։

Կարենի հետ վերջին զրույցն է հիշում Նարինեն։ «Բանկ պետք է գնայի, մուծում անեի, Կարենը պետք է տեղյակ լիներ՝ ապառիկը վերջնահաշվարկ արե՞լ եմ, թե՞ ոչ։ Այնքան ուշադիր էր, որ ամեն ինչ տեղը տեղին անեմ։ Զանգեց՝ Նա՛ր, բանկ գնացե՞լ ես։ Այնքան լավ եմ հիշում այդ զրույցը, ասացի, որ ձուկ եմ գնել, դրա համար բանկ չեմ մտել։ Մի քանի անգամ զանգել էր, տրանսպորտից էի իջնում, հարմար չէր, որ պատասխանեի, բայց երբ պատասխանեցի, այնքան արագ-արագ էր խոսում, չէի կարողանում իրեն հասկանալ, կանգառում էլ աղմուկ էր։ Քանի որ չէի հասկանում, թե ինչ է ասում, կարծես իրեն ընդհատեցի՝ Կա՛ր, քեզ շատ եմ սիրում, արձագանքեց՝ ես էլ։ Եվ շարունակեց խոսել՝ բանկերի հետ խնդիր չունենաս, կանես ամեն ինչ, որ լավ ու ճիշտ ապրես, Նա՛ր։ Նույնիսկ այդ պահին իր հոգատարությունն էր ցույց տալիս, գիտեր, որ երբեմն մոռանում եմ վճարումների մասին։ Բայց մեր զրույցից շատ բան չլսեցի, գուցե նաև լարվածությունից ինչ-որ բան մոռացել եմ»։

Կարենին ընտանիքը երկար չի փնտրել, նա շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ասում են՝ ուժեղ եղիր, բայց դրանք ուղղակի խոսքեր են, չես կարող ուժեղ լինել։ Հատկապես ես ինչպե՞ս ուժեղ լինեմ։ Ցավ ունեի, Կարենի կորուստն էլ գումարվեց դրան։ Ինձ ասում են՝ հերոսի կին ես, հպարտ եղիր։ Չէի ուզում հերոսի կին լինել։ Ուզում եմ իմ Կարենն իմ հետ լիներ»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Նոր Գեղիի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular