Քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան ձերբակալվածներ
ԻՐԱՎՈՒՆՔՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:
Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։
Մայիսի 6-ին՝ ժամը 17․20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Ստեփանավանի և Երևանի բնակիչ 35 և 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 80 գրամ մարիխուանա։
Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։