ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, խելացի երեխա էր Տիգրանս։ Հանգիստ ու հավասարակշռված տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Տիգրանի մայրիկը։ Տիգրանը ծնունդով Արցախից է՝ Ասկերանից։ «Այդ ժամանակ մեզ մոտ մանկապարտեզ չկար, նա ամբողջ օրը տանն էր։ Շատ ակտիվ երեխա էր, բայց նաև շատ խելոք, կազմակերպված»։

Տիգրանը հաճախել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը։ «Գերազանց առաջադիմություն է ունեցել, ունի մի շարք պատվոգրեր։ Խելացի, պարտաճանաչ աշակերտ էր։ Բոլոր առարկաներն էլ շատ լավ էր սովորում, բայց առանձնահատուկ վերաբերմունք ուներ պատմության և հատկապես Հայոց պատմության, աշխարհագրության հանդեպ։ Միշտ էլ հարցեր է տվել Արցախյան առաջին պատերազմի մասին։ Սիրում էր կարդալ Գարեգին Նժդեհ։ Իր համար առաջին տեղում էին Գարեգին Նժդեհը և Վազգեն Սարգսյանը։ Նժդեհի գիրքն ունեինք, որը մեկ անգամից ավելի է կարդացել։ Ամուսինս առաջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, և հայրենասիրությունը փոխանցվել էր Տիգրանին։ Հայրիկը պատմում էր պատերազմի, մեր բոլոր հերոսների մասին։ Մանկուց իր ներսում կար այդ հայրենասիրությունը»։

Դպրոցն ավարտելուց հետո Տիգրանն ընդունվել է Արցախի պետական համալսարանի «Ֆինանսներ և կառավարում» բաժինը։ Մեկ տարի սովորելուց հետո՝ 2015 թվականին, զորակոչվում է բանակ՝ ժամկետային ծառայության։ Ծառայել է Հադրութում։ «2016 թվականի ապրիլին սկսվեց պատերազմը։ Տիգրանս մասնակցել է այդ պատերազմին, ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Նա զբաղեցրել է դասակի հրամանատարի պաշտոնը, որը, ըստ կանոնի, զբաղեցնում է ոչ թե զինվորը, այլ սպան։ Տղաս այդ ժամանակ եղել է սերժանտ։ Իսկ ծառայությունից զորացրվել է ավագ սերժանտի կոչումով։ Այդ ժամանակ պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։ Բանակից վերադառնալուց հետո ուսումը շարունակեց համալսարանում, ավարտեց այն։ Սեփական խանութ ունեինք, նա այնտեղ էր աշխատում։ Մշտապես ցանկացել է սպա դառնալ, բայց թույլ չէինք տալիս»։

Իսկ հետո սկսվում է 2020 թվականի պատերազմը։ «Նա առաջիններից մեկն էր, ով ավտոբուս նստեց Ասկերանում և կամավոր մեկնեց առաջնագիծ։ 44 օր եղել է մարտի դաշտում։ Պաշտպանել է մարտական դիրքերը, կատարել հրամանատարական կազմի հրամանները»։

Տիգրանը վերադառնում է 44-օրյա պատերազմից։ Դրանից հետո՝ 2022 թվականի մարտի 24-ին, սկսվել էր Քարագլխի ուղղությամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան։ Տիգրանն այդ անգամ էլ կամավորագրվել և մասնակցել է Խանապատ գյուղի պաշտպանությանը և իրականացրել մարտական հերթապահություն։ Այդ ժամանակ պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով։ 2022 թվականի հունիսին ծառայության է անցել Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ ստանալով լեյտենանտի կոչում։ «Որպես մայր՝ ես դեմ էի իր այդ որոշմանը։ Բայց Տիգրանս ասաց. «Մամա՛, ես սիրում եմ այդ համազգեստը և ուզում եմ ծառայել։ Ուրիշ որևէ տեղ ինձ չեմ տեսնում»։ Ապահովված ընտանիք էինք, նա որևէ բանի կարիք չուներ, նրան գրավում էր այդ համազգեստը։ Իրեն տեսնում էր որպես սպա»։ Տիգրանը մասնակցել է նաև Ջերմուկի մարտերին՝ կամավորության սկզբունքով։ Այդ ժամանակ արժանացել է պատվոգրի։ «Երբ տուն եկավ, ասաց՝ մա՛մ, կարող ես հպարտ լինել, որ այսպիսի տղա ունես»։

2023 թվականի հուլիսի 8-ին Տիգրանն ընտանիք է կազմում։ Իսկ սեպտեմբերի 19-ին սկսվում են Արցախյան վերջին մարտերը։ Սեպտեմբերի 19-ին Տիգրանը հսկում էր Մարտակերտի ամենավտանգավոր բարձունքներից մեկը։ Տիկին Ռուզաննան ասում է՝ 1990-ական թվականներին ևս դա ամենավտանգավոր տեղերից մեկն էր։ «Այդ օրը ես չկարողացա իր հետ կապվել, բայց առավոտյան հայրիկի հետ խոսել է, ասել՝ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։ Բայց կարծում եմ՝ Մարտակերտում արդեն անհանգիստ դրություն էր։ Կարծում եմ, որ նա, զգալով, թե իրականում ինչ է կատարվում, չկարողացավ ինձ հետ զրուցել։ Քույրիկի հետ է խոսել. «Էլինա՛, լավ մնացեք, ձեզ լավ նայեք»։ Հիմա հասկանում եմ, որ նա ուղղակի չկարողացավ ինձ հետ խոսել։ Գիտեր, որ պատերազմ է լինելու, և ինքը, հնարավոր է, չվերադառնա»։

Տիգրանը ПК գնդացրորդ էր։ Նա մինչև վերջ պայքարեց հանուն Արցախի, չլ քեց մարտական դիրքն ու ընկերներին։ Տիգրանն անմահացել է սեպտեմբերի 19-ին Մարտակերտում։ Ընտանիքը մինչև հիմա չգիտի նրա զոհվելու կոնկրետ ժամը, ենթադրում են՝ երեկոյան։ «Զինվորներից մեկը վիրավոր է եղել, նրան դուրս են բերել դիրքից, իջեցրել են, բայց Տիգրանը նորից բարձրացել է դիրքը։ Իրենց դիրքը ադրբեջանցիները չեն կարողացել գրավել»։ Զոհված տղաներին ընտանիքները կարողացել են տեղափոխել Հայաստան։ «Այս տղաների անձնազոհության, նրանց կյանքի հաշվին Մարտակերտի շրջանը կանգուն էր մնացել»։

Մայրիկն ասում է՝ այժմ պատրաստ չէ իմանալ, թե ինչպես է իր որդին անմահացել։ «Նրա մասին շատ են պատմում, ասում՝ հերոսաբար է զոհվել, բայց չեմ ուզում այդ մասին իմանալ»։

Ապրելու ուժի մասին։ Զավակ և հայրենիք կորցրած տիկին Ռուզաննային այս հարցն եմ ուղղում՝ ի՞նչն ուժ տվեց ապրելու։ «Աղջիկ ունեմ, հանուն նրա պետք է ապրեմ։ Եվ, իհարկե, հանուն Տիգրանի եմ ապրում։ Համարում եմ՝ որքան մենք՝ ծնողներս, ապրենք, մեր տղաներն էլ կապրեն։ Գնում եմ Եռաբլուր, նրան միշտ թարմ ծաղիկներ եմ տանում, ուզում եմ, որ երեխայիս մոտ միշտ մաքուր լինի։ Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում։ Երբեմն ասում են՝ իմաստ չկա ապրելու, բայց գիտեմ՝ իմաստ կա։ Տիգրանս է ինձ ուժ տալիս ապրելու։

Սկզբում կարծես նեղացած լինեի ամեն ինչից, բայց որոշ ժամանակ անց զգացողություններս փոխվեցին։ Գիտակցում եմ՝ Տիգրանս էր ընտրել այս ճանապարհը, նա արել է այն, ինչ պետք է աներ յուրաքանչյուր սպա։ Չնայած՝ շատերը նաև մենակ թողեցին իրենց զինվորներին։ Բայց Տիգրանս մինչև վերջ մնաց զինվորների, իր ընկերների կողքին։ Երբեմն իրեն ասում էի՝ Տիգրան ջան, մատաղ ըլնիմ, եթե պատերազմ լինի, թաքնվիր մի տեղ, դու իմ միակն ես, արձագանքում էր. «Մա՛մ, ամոթ է, դու նմա՞ն տղա ես դաստիարակել, երբեք նման բան չասես։ Եթե պատերազմ լինի, ես մինչև վերջ մնալու եմ մարտի դաշտում»։ Այդպես էլ վարվեց։ Հպարտ եմ, որ նման որդի ունեմ։ Գուցե մեր հոգում մի քիչ հանգստություն լիներ, եթե Արցախում շարունակեին հայ երեխաներ ծնվել, հայեր ապրեին, հայկական մնար Արցախը։ Գուցե շատ ծնողներ մի փոքր սփոփանք գտնեին այդ դեպքում, այս ցավով ապրելը մի քիչ հեշտ կլիներ։ Իսկ հիմա՞...»։

Հ. Գ.- Լեյտենանտ Տիգրան Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular