Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայսի 11-ին հերթական կրակոցներն են հնչել Արարատի մարզում, որտեղ մինչ այդ տեղի է ունեցել վիճաբանություն ծեծկռտուք։ Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը տևել է մոտ 40 րոպե ու այդ ընթացքում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի ոչ մի ոստիկան և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ոչ մի պարեկ չի բարեհաճել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«40-50 րոպե 15-ից ավելի մարդիկ, հիմնականում՝ ջահելներ, իրար մորթում էին, ինչ հայհոյանքներ ասես չէին տալիս։ Լսեցինք կրակոցի ձայներ, թե ով էր, դա չգիտենք, քանի որ մութ էր։ Բայց 50 րոպե մարդաշատ այդ վայրում մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա լինի ու ոչ պարեկ, ոչ ոստիկան չժամանե՞ն։ Առաջ գոնե պարեկները օրը մի քանի անգամ ֆռում էին, էս քանի ամիս է՝ պարեկի սֆաթ էլ չենք տեսնում։ Ու հիմա էս ռազբորկայի, խուլիգանության թիվ 1 պատասխանատուն Մասիսի ոստիկաններն ու տեղի պարեկներն են։ Հլը չգիտենք էլ էդ տուրուդմփոցի ու կրակոցների պատճառով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։ Էն ձև էին տալիս իրար, որ ձեները 100 մետրից լսվում էր։ Վերջում էլ կռվի վայրում թողեցին մի քանի ավտոմեքենաներ ու թռան։
Էս ինչի է վերածվել Մասիսը, ոչ տեղի ոստիկաններն են տեղում , ոչ պարեկները։ Հեսա ստից կհելնեն, տնետուն կընկնեմ, թե իբրև գրոծ են անում։ Էդ ձեր գործը ձեր գլխին կպնի, ավելի լավ է կանխենք նման դեպքերը»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս մոտ 10-ից ավելի անձինք։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 «BMW», «Mercedes», «Honda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։
Արդյոք նշված անձինք հայտնաբերվել, իսկ դեպքի մյուս մասնակիցների ինքնությունները ճշտվել են, դեռևս հայտնի չէ, բայց որ Մասիսի ոստիկանությունը իր մեծն ոստիկանապետ Գարակյանի հետ ապացուցեց, որ թե իրենք, թե տեղի պարեկները տեղում չեն, իրենց աշխատանքում կաղում են, դա պետք է մտահոգի ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Ղազարյանին, քանի որ նման փնթի ոստիկանների ու պարեկների անարդյունավետ աշխատանքի պատճառով հասարակության մեծ մասի մոտ կարծիք է ձևավորվում, որ Մասիսում բարձիթողի վիճակ է ու դրա «հիմնադիրները» Մասիսի ոստիկանապետն ու Արարատի մարզի ՊԾ գումարտակի հրամանատար չունեցող պարեկները։