Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի, կրծքավանդակի, որովայնի և զույգ վերին վերջույթների շրջանում 2, 3 աստիճան, մոտավոր 20 տոկոս մարմնի մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 5-ամյա Կ․ Մ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։30-ի սահմաններում Կ. Մ․-ն իրենց տան բակում խաղալիս խորովածի համար նախատեսված մանղալի վրա բենզին է լցրել և հրկիզել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։