Դարբնիկ գյուղում ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը 3 օր անց մահացել է.նա առևանգել էր «Mercedes»-ը
Հիվանդանոցում մահացել է մայիսի 1-ին Արարատ մարզի Դարբնիկ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 65-ամյա Հարություն Յ․-ն։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունների կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ պարզել են, որ Հարություն Յ․-ն նշված ավտոմեքենան առևանգած է եղել, որից հետո վթարի է ենթարկվել՝ բախվելով բեռնատար «Գազել»-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել էին 65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել էր ծանր։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։