Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊարսից ծոցի անվտանգությունը չպետք է կախված լինի որևէ երկրի կամքից, այն պետք է ապահովվի ափամերձ պետությունների համագործակցության օգնությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Պարսից ծոցն ասպարեզ չէ միակողմանի արտաքին կամքի պարտադրման համար, և այս ռազմավարական տարածքի անվտանգությունն ապահովվում է միայն ափամերձ երկրների համագործակցությամբ», – Պարսից ծոցի ազգային օրվա կապակցությամբ նախագահի ուղերձը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Փեզեշքիանի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի վրա է «ընկած Պարսից ծոցում ցանկացած անկայունության պատասխանատվությունը»։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակումը չի հասնի իր նպատակներին։
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսել են իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը արդյունավետ է, և ինքը մտադիր չէ այն վերացնել, մինչև կողմերը համաձայնության չհասնեն իրանական միջուկային ծրագրի շուրջ։