Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են Արբաթ գյուղում կատարված բնակարանային գողությունները
ԻՐԱՎՈՒՆՔՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արբաթ գյուղի բնակիչ մի երիտասարդ, իր հանցավոր նպատակների իրականացմանը ներգրավելով անչափահաս համագյուղացու, կատարել է բնակարանային գողություններ։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ այս տարվա փետրվարին, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, 30-ամյա երիտասարդը կոտրել է համագյուղացու տան դուռը, հափշտակել կենցաղային իրեր և բջջային երկու հեռախոս ու հեռացել պատուհանով, իսկ այդ ընթացքում 16-ամյա պատանին դրսում հսկել է իրավիճակը։
Ապրիլի 15-ին 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է, տեղափոխվել համայնքային բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Արարքը խոստովանել է նաև անչափահասը։
Բացի այս՝ նույն ամսին նույն կերպ գողություն է կատարվել Արբաթի մեկ այլ բնակչի ավտոտնակից․ փայտե դուռը կոտրել և տարել էին հեռուստացույց, խողովակներ ու գործիքներ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։