Բելգիայի հայտնի հայերը. հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի ՀՀ-ի հավաքականը մարզելու հնարավորությունը
ՍՊՈՐՏԲելգիական ֆուտբոլում իր հաստատուն տեղն ունեցող հայ մարզիչ Հայկ Միլկոնն այն մարդկանցից է, որոնց համար մասնագիտական ճանապարհն անբաժան է ինքնությունից, արժեքներից ու հայրենասիրությունից։ Նրա պատմությունը ոչ միայն սպորտի բնագավառում աճի մասին է, այլև այն մասին, թե ինչպես կարելի է օտար միջավայրում կայանալ՝ չկորցնելով սեփական լեզուն, մշակույթն ու հայկական դիմագիծը։
Հայկ Միլկոնի ծնողները սիրիահայեր են, ինքն էլ ծնվել է Լիբանանում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է Բելգիայում։ Այս բազմաշերտ կենսագրության հիմքում, սակայն, միշտ անսասան է մնացել հայկական ինքնությունը։ Նրա հայրը եկեղեցական է, մայրը՝ նվիրյալ հայուհի, որը մեծ դեր է ունեցել երեխաների դաստիարակության, հայկական արժեքները փոխանցման ու լեզվի պահպանման գործում։ Հենց այս ընտանեկան միջավայրում էլ ձևավորվել են Հայկ Միլկոնի արժեքները, հավատքը, հայրենասիրությունն ու աշխարհայացքը։
Հայկը 32 տարեկան է, սակայն ֆուտբոլի աշխարհում արդեն շուրջ 17 տարվա փորձ ունի։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել շատ վաղ տարիքից՝ սկզբում որպես ֆուտբոլիստ։ Շուտով, սակայն, հստակ գիտակցել է, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար անհրաժեշտ որակները չունի։ Այդ գիտակցումը հեշտ չի եղել, բայց հենց այդ ազնիվ ինքնաճանաչողությունն է դարձել նրա հետագա հաջողության հիմքերից մեկը։ Դեռ 15 տարեկանում, երբ խաղում էր իր ակումբում, նրան առաջարկել են օգնել փոքրերի թիմերում՝ որպես մարզիչ։ Երեխաների հետ աշխատանքը նրան հաճույք է պատճառել, և հենց այդտեղից էլ ծնվել է միտքը, որ իր իսկական ճանապարհը կարող է լինել մարզչական աշխարհում։
Այսօր Հայկ Միլկոնը վստահ ասում է, որ իր անցած ճանապարհը սկսվել է ամենացածր աստիճանից։ Նա աշխատել է ամենափոքր տարիքի երեխաների հետ, անցել է դասընթացներ, կատարելագործվել ու քայլ առ քայլ բարձրացել տարիքային և մասնագիտական բոլոր աստիճաններով։ Նրա խոսքով՝ գրեթե յուրաքանչյուր 2 տարին մեկ նոր մակարդակի է հասել՝ մշտապես առաջ գնալով։ Այդ ընթացքի մեջ նա աշխատել է տարբեր պաշտոններում, եղել է նաև «Զավենթեմ» ակումբի գլխավոր մարզիչը, ինչպես նաև ակումբի ղեկավար կազմի կարևոր խորհրդատուներից մեկը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում