Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ մեկուկես ամիս առաջ Փաշինյանն սկսեց իր ավտոբուսային «սննդաերթերը», դա իշխանական քարոզչությունը փաթեթավորեց որպես ՔՊ ներկուսակցական ընտրությունների հետ կապված քարոզարշավ: Դա, իհարկե, այդպես չէր, քանի որ թե՛ այցերը, թե՛ շփումները զուտ ներկուսակցական չէին: Բայց համարենք, որ այդ «պատճառաբանությունը» ինչ-որ տեղ կարող էր «կյանքի իրավունք» ունենալ:
Բայց հիմա, երբ ՔՊ-ի «ներկուսակցական ընտրությունները» տեղի են ունեցել ու ավարտվել են, ի՞նչ փաթեթավորմամբ են քպականները ավտոբուսով ընկել դռնեդուռ:
Եթե Փաշինյանը որպես վարչապետ է գնում, կարող է մի քանի պաշտոնյա հետը վերցնել և գնալ իր աշխատանքային պարտականությունները կատարելու, այսպես ասած՝ «աշխատանքային այցով»: Ընդ որում, ոչ թե փողոցները «չափչփելով», այլ աշխատանքային խորհրդակցություններով, կոնկրետ կազմակերպություններ այցերով (ասենք՝ ջրի ծորակներ ստուգելով), ինչպես Կոտայքի մարզ կատարած այցը: Բայց այդ դեպքում նա պետք է դա անի աշխատանքային օրերին: Եթե զուտ որպես կուսակցական այց է, ապա դա ցանկացած կուսակցության իրավունքն է: Սակայն ինչո՞ւ է ողջ իրավապահ համակարգը սպասարկում, ինչո՞ւ են ահռելի թվով ոստիկաններ ուղեկցում, որոնց տեղափոխող մի ավտոբուսն էլ հերթական մահաբեր վթարի պատճառ է դառնում, ինչո՞ւ է ողջ վարչական ռեսուրսը ոտքի հանվում, վերջապես՝ ինչո՞ւ է Փաշինյանն ասում. «Մեր նախընտրական ծրագրում գրված է...»:
Մի րոպե: Ի՞նչ նախընտրական ծրագիր: ՔՊ-ն, որպես ընտրությանը մասնակցող ուժ, դեռ անգամ գրանցված չէ ԿԸՀ-ում (երեկ նոր փաստաթղթերը հանձնել են): Ու ընդհանրապես, երկու օր առաջ է միայն սկսվել ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը: Ավելին, քարոզարշավն էլ դեռ չի էլ սկսվել, մոտ 23 օր կա: Այդ ի՞նչ նախընտրական ծրագիր են ներկայացնում:
Պատահական չէ, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ իրավաբանները նշում են, որ սա ընտրության արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում