ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գարեգինիս Գարիկ էինք ասում, ընկերներն էլ՝ Գարո»։ Այսպես ենք սկսում Գարիկի մասին զրույցը մայրիկի՝ տիկին Նարինեի հետ։ «Սիրուն, բարի, համով-հոտով, ուրախ, քաղցր բալա էր։ Աշխույժ էր ու շատ խելացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն։Գարեգինը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել։ Ամենուր սիրված է եղել՝ թե՛ ընտանիքում, թե՛ շրջապատում, թե՛ դպրոցում։ «Իրեն բոլորն էին սիրում։ Խելացի, լավ սովորող աշակերտ էր։ Մաթեմատիկան իր սիրելի առարկան էր։ Ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարան, ապագա ծրագրավորող էր, բայց ուսանող լինել չհասցրեց»։

2019 թվականի հուլիսի 20-ին է Գարեգինը զորակոչվել ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Սիսիանի գնդում։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Սիրով և ուրախությամբ մեկնեց ծառայության։ Երբեք չի դժգոհել ծառայությունից։ Ես էլ էի հանգիստ իր ծառայության ընթացքում»։

Տիկին Նարինեն պատմում է՝ որդին պատերազմի առաջին օրերին դիրքերում է եղել։ «Իրենց իջեցրել են, տարել Արցախ՝ Հադրութ։ Դա եղել է մոտավորապես հոկտեմբերի 6-7ին։ Ես քրոջս ու եղբորս տղաներից եմ իմացել, որ իրեն տարել են պատերազմ։ Նա ինձ ոչինչ չէր ասում։ Զանգահարում էինք, զրուցում, ասում էր. «Մա՛մ, ես մեր դիրքերում եմ, այստեղ հանգիստ է, պատերազմ, կռիվ չկա»։ Իր խոսքերն են. «Ինձ հո պոստերից չեն իջեցնելու և պատերազմ տանեն։ Մենք էլ այստեղ ենք հսկում»։ Բայց գիշերով տղաներին տարել են Արցախ։ Եղել է ամենաթեժ կետերում, Հադրութում»։

Մայրիկի ու որդու վերջին զրույցը հոկտեմբերի 13-ին էր։ «Առավոտյան ժամը յոթին զրուցեցինք։ Արդեն գիտեի, որ մարտի դաշտում է։ Հարցրեցի իրեն՝ Գա՛ր, կռվի մե՞ջ ես։ Դրական պատասխան տվեց։ Ուզում էր հայրիկի հետ խոսել։ Նա էլ էր Ղարաբաղ մեկնել, բայց իրեն չասացի։ Գարիկս շատ կնեղվեր։ Բայց հիմա էլ երբեմն ափսոսում եմ, որ չեմ ասել։ Խառը զգացումներ են լինում։ Գարիկիս ասացի, որ հայրիկն աշխատանքի է, դեռ չի եկել հերթափոխից։ «Մա՛մ, ասա՝ թող շտապ ինձ զանգի»։ Զանգահարեցի ամուսնուս, բայց հայր ու որդի այդպես էլ չկարողացան զրուցել։ Այդ օրվանից որդուս հետ կապն ընդհատվեց»։

Հոկտեմբերի 13-ից հետո ամիսներ շարունակ ընտանիքն ապրում է իրական մղձավանջի մեջ։ «Քիչ-քիչ նորություններ էինք իմանում, տարբեր տեղեկություններ, վատ լուրեր։ Իրենց հրամանատարը լքել է զինվորներին, իսկ իմ տղան կանգնել ու մինչև վերջ կռվել է։ Մեկ-մեկ ասում եմ՝ թող փախչեր։ Իմ այդ խոսքին միշտ արձագանքում են՝ Գարիկը կփախնե՞ր։ Իհարկե, չէր փախչի։ Գարիկս վախկոտ տղա չէր։ 15 հոգի են եղել, Գարիկն ու ընկերը՝ Առնոլդն են պայքարել մինչև վերջ։ Տղաները շրջափակման մեջ են ընկել, ուժեղ մարտերի մեջ են ներգրավվել։ Մարմինները հայկական կողմին փոխանցելիս անգամ նշել են, թե տղաներն ինչպես են կռվել, որքան են վնասել թշնամուն»։

Ընտանիքը մոտ մեկուկես տարի հետո է որդուց լուր ստացել։ «Ասացին, որ տղաները գերի են ընկել։ Տեղանքը նկարեցին, ուղարկեցին։ Սկսեցինք փնտրել իրենց գերիների մեջ։ Դիմեցինք Կարմիր խաչին։ Տեղեկություն ստացանք, որ իբր Բաքուն հաստատել է՝ Գարիկս գերի է։ Կարմիր խաչն էլ հաստատեց. մեր տղայի անունը հաստատված գերիների ցուցակում էր։ Տարի ու կես իրեն փնտրել ենք։ Ստիպված նաև արյուն հանձնեցինք, չէի ուզում այդ քայլին գնալ։ Բնական է՝ չես ուզում մտածել, որ որդիդ կարող է զոհված լինել»։

Տիկին Նարինեն ասում է՝ 2022 թվականի գարնանը հաստատվեց որդու ինքնությունը։ Մարտի տասին Գարեգինի հուղարկավորությունն էր։ «Մարտի ութին ինձ «նվեր» արեցին։ Չէինք ուզում հավատալ...»։ Իսկ կարո՞ղ է, արդյոք, ծնողը հավատալ, որ մեկուկես տարվա սպասումներից հետո հենց իր որդու մասունքներն է հանձնել մայր հողին։ Ապրել հավերժ սպասումով, չունենալ տարբեր հարցերի պատասխաններ, թե ինչպե՞ս տղաները հայտնվեցին Հադրութում, ինչո՞ւ մնացին միայնակ։ «Ինչու»-ներն այնքան շատ են, որոնց պատասխանները գուցե կտան հարուցված քրեական գործերը ու ընթացող դատական նիստերը։ Ապրելու ուժի մասին։ «Գարիկս ընկերուհի ուներ, ասում էր՝ գամ, ամուսնանալու եմ։ Տղայիս բոլոր երազանքները կիսատ մնացին։ Հիմա մեզ ապրեցնողը մեր ավագ որդին է և այն միտքը, որ պետք է ապրեցնենք մեր Գարիկին»։

Հ. Գ. - Գարեգին Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular