Շիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ԻՐԱՎՈՒՆՔՇիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում այսօր՝ ապրիլի 10–ին, տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:
Նախնական տեղեկություններով BMW եւ «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են դուրս եկել. բախվել են միմյանց, որի հետեւանքով BMW–ն գլորվել է ձորը։