ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի մարտի տվյալներն արտացոլում են հանրապետությունում սպառողական գների 4,5 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, երբ գնաճային ցուցանիշը կազմել էր 3,3 տոկոս, ինչը վկայում է գնաճի զգալի արագացման մասին և բացահայտում, որ տնտեսական համակարգը հայտնվել է որոշակի ճնշման տակ, որի առաջնային դրսևորումը սննդամթերքի գների անհեռանկարային բարձրացումն է։

Սննդամթերքի գների աճի տեմպերի արագացումը՝ 5,4 տոկոսից մինչև 7,8 տոկոս, հատկապես անհանգստացնող է այն տեսանկյունից, որ պարենային ապրանքները կազմում են հայ ընտանիքների սպառողական զամբյուղի զգալի մասը, և այդ կատեգորիայի թանկացումն անմիջապես զգացվում է՝ քաղաքացիների գնողունակության նվազման տեսքով։

Սննդամթերքի գների աճի արագացման հիմնական պատճառներից մեկը, որը պետք է դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում, կապված է Իրանի՝ որպես Հայաստանի կարևոր առևտրային գործընկերոջ՝ վերջերս ձեռնարկած քայլերի, ամսնավորաբար իրանական ծագման սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների՝ արտահանման արգելքի հետ։ Այս սահմանափակումը, որը գործի է դրվել ավելի քան մեկ ամիս առաջ՝ պայմանավորված տարածաշրջանում պատերազմական իրավիճակի սրմամբ և Թեհրանի ծրագրով՝ բավարարելու սեփական ներքին շուկայի աճող պահանջարկը, էական հետևանքներ է ունեցել Հայաստանի սպառողական շուկայի համար։ Չնայած պաշտոնական վիճակագրական տվյալները դեռևս ամբողջությամբ չեն հրապարակվել, տնտեսական ոլորտի պատասխանատու մարմինների կանխատեսումներն արդեն նախազգուշացնում են, որ իրանական սննդամթերքի արտահանման արգելքը կունենա մեկուկես կամ նույնիսկ գրեթե երկու տոկոս ազդեցություն ընդհանուր գնաճի ցուցանիշի վրա, ինչը լրացուցիչ տնտեսական ճնշում է ստեղծում։

Բայց, երբ վերլուծում ենք 2026 թվականի առաջին եռամսյակի գնաճային դինամիկան, պարզ է դառնում, որ խնդիրը ոչ միայն կապված է առանձին ամիսների տատանումների հետ, այլ ներկայացնում է ավելի համակարգային բնույթ ունեցող երևույթ։ Եռամսյակային հիմքով գնաճը կազմել է 3,2 տոկոս՝ նախորդ տարվա 2 տոկոսի դիմաց, ինչը նշանակում է գնաճային ճնշման զգալի ուժեղացում և տնտեսական միջավայրի անկայունացում։ Այս աճի հիմքում նորից ընկած է պարենային ապրանքների գների բարձրացման արագացումը՝ 3,7 տոկոսից մինչև 6,8 տոկոս, որը համարյա կրկնապատկում է նախորդ ժամանակաշրջանի գնաճային տեմպերը և ցույց է տալիս, որ սննդամթերքի շուկան գտնվում է լուրջ թերհավասարակշռվածության վիճակում։

Սննդամթերքի գների աճի ինտենսիվ դինամիկան ստեղծում է լուրջ մարտահրավերներ Հայաստանի բնակչության մեծ զանգվածների համար՝ հատկապես նկատի ունենալով, որ հասարակության զգալի մասի եկամուտները չեն աճում գնաճին համապատասխան տեմպերով։ Սննդամթերքի ծախսերը կազմում են ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների ամսական բյուջեի զգալի մասնաբաժինը։ Իսկ երբ այդ ապրանքների գները բարձրանում են 7-8 տոկոսի չափով, այն ուղղակի և ճնշող ազդեցություն է ունենում կենսամակարդակի վրա։ Մարդիկ ստիպված են լինում կրճատել սննդի սպառումը, անցնել ավելի էժան, բայց հաճախ ավելի պակաս որակյալ արտադրանքի, սահմանափակել այլ անհրաժեշտ ծախսերը՝ հրաժարվելով առողջապահությունից, կրթությունից, մշակութային ծրագրերից։ Սա հանգեցնում է սոցիալական անհավասարության խորացման, աղքատության մակարդակի բարձրացման, սոցիալական լարվածության աճի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել հասարակական կայունության համար։

Առանձնահատուկ ուշադրություն են պահանջում նաև շուկայական վարքագծի այն դրսևորումները, որոնք կապված են գների արհեստական բարձրացման և անբավարար վերահսկողության հետ։ Նախատոնական շրջաններում կամ ընդհանուր գնաճային ֆոնի պայմաններում որոշ վաճառողներ և միջնորդներ միանգամից և անհարկի ավելի են բարձրացնում գները՝ օգտվելով իրավիճակից և փորձելով ստանալ լրացուցիչ շահույթ՝ սպառողների հաշվին։ Այս պրակտիկան, որը գնահատվում է որպես անբարեխիղճ տնտեսվարում և սպառողների իրավունքների խախտում, ցավալիորեն տարածված է և կապված է հանրապետությունում շուկայական վերահսկողության մեխանիզմների անբավարար գործունեության հետ։

Պետական վերահսկող մարմինները, որոնք պարտավոր են ապահովել արդար մրցակցություն և սպառողների պաշտպանություն, հաճախ ի զորու չեն արձագանքել գների անհիմն բարձրացմանը, կատարել համակարգված և արդյունավետ ստուգումներ, կիրառել պատժամիջոցներ խախտողների նկատմամբ։ Վերահսկողության անարդյունավետությունը ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որը խրախուսում է անբարեխիղճ գործարարներին շարունակելու իրենց գործելակերպը, ինչի արդյունքում էլ վտանգվում է շուկայի առողջ զարգացումը։

Պատշաճ վերահսկողության բացակայությունը նշանակում է նաև, որ սպառողները մնում են անպաշտպան և չեն ունենում արդյունավետ մեխանիզմներ իրենց իրավունքները պաշտպանելու համար՝ բախվելով այնպիսի իրավիճակների, որոնց դեմ պայքարելու հնարավորություն չունեն։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular