ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը նախընտրական՝ ոչ պաշտոնական փուլում է։ Իշխանությունը հայտարարում է իր բացարձակ հաղթանակի ակնկալիքների մասին, միևնույն ժամանակ աչքի է ընկնում ցայտնոտային քայլերով։ Ընդդիմությունը ներկայանում է տարբեր թևերով, որոնք իրենց շուրջ են մոբիլիզացնում քաղաքացիներին։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն ասում է՝ նույնիսկ իշխանությունն է հասկանում, որ ցածր վարկանիշ ունի։ «Միայն դրանով կարելի է բացատրել այն հայտարարությունները, որոնք փաստացի իրենցից ներկայացնում են շանտաժ պատերազմով սեփական ժողովրդին, եթե Նիկոլ Փաշինյանը չպահպանի իշխանությունը։ Եթե իշխանության դիրքերն ավելի ամուր լինեին, դժվար թե իշխանությունը գնար նման քայլի, որը փաստացի ցույց է տալիս՝ ինքնիշխանության, խաղաղության դարաշրջանի մասին իրենց հայտարարություններն իրական հիմքեր չունեն։ Իր հերթին ընդդիմությունը փորձում է կրկնել «Գյումրի 2» սցենարը։ Այս պահին տեսնում ենք, որ չնայած բոլոր բռնաճնշումներին, Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տրվող բացահայտ աջակցությանը, ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ գրանցելու հաղթանակ հունիսի 7-ի ընտրություններում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը։

Աջակցություն հարևան երկրներից, ԵՄ-ից ու ԱՄՆ-ից, բայց, կարծես, դրա բացակայությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Վերջին օրերին շատ քննարկվեց Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի անգամ «պրոտոկոլային» բաժնում հնչեցին սուր դիտարկումներ, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը ցույց տվեց, որ էլ ավելի սուր են եղել փակ դռների հետևում հնչած դիտարկումները։ «Դատելով Պուտին-Փաշինյան հանդիպումից, Օվերչուկի հարցազրույցից և վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հայտարարություններից ու գործողություններից՝ կարելի է ասել, որ Մոսկվայի համբերության բաժակը լցվել է։ Մոսկվայում որոշել են կտրուկ արձագանքել բոլոր այն հակառուսական հայտարարություններին և գործողություններին, որոնք վերջին տարիներին իրականացրել են Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Փաստացի վերջինիս առաջարկվել է կողմնորոշվել, թե ինչպես է նա տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նա դիտարկո՞ւմ է Ռուսաստանին որպես դաշնակից կամ գոնե կարևոր գործընկեր, թե՞ իրականում Ռուսաստանին տեսնում է որպես թշնամի երկիր։ Ընդունելով օրենք ԵՄ անդամ դառնալու մասին՝ Հայաստանի իշխանությունները պետք է շատ լավ հասկանային, որ Ռուսաստանում ԵՄ-ն այլևս չի դիտարկվում որպես միայն տնտեսական և նույնիսկ քաղաքական միավորում։ Տեսնում ենք, որ վերջին տարիներին ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում է ռազմական բաղադրիչը և բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին Ռուսաստանն է, և նույնիսկ պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմին։ Այս պայմաններում, երբ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են ԵՄ անդամ դառնալու մասին, Ռուսաստանը փաստացի դա դիտարկում է այսպես. Հայաստանը պատրաստվում է միանալ մի ճամբարի, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Նաև չպետք է մոռանալ, որ Հայաստանի իշխանությունների այդքան սիրելի «մոլդովական սցենարը» սպասվող ընտրություններին, ինչի մասին խոսվեց նաև այդ հանդիպման ժամանակ, իրենից ենթադրում է, որ նույն Մոլդովան ընդունել է ԵՄ-ի բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը բացահայտ դիտարկում է որպես թշնամի, նկատի ունեմ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և նրա թիմին, նվազագույնի է հասցրել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե Հայաստանի իշխանությունները խոսում են ընտրությունների ժամանակ «մոլդովական սցենարի» մասին, որով իբր Ռուսաստանի հետ կապեր ունենալու պատրվակով թույլ չեն տալու ընտրություններին մասնակցել ընդդիմադիր տարբեր ուժերի, ապա պետք է հասկանալ, որ այդ սցենարն իրենից ենթադրում է Ռուսաստանը դիտարկել որպես թշնամի և նվազագույնի հասցնել նաև տնտեսական հարաբերությունները»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, տնտեսական հարաբերությունների մասին։ Ակնհայտ է, որ մեր արտահանման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է և ԵԱՏՄ-ն։ Այս մասին են փաստում զուտ վիճակագրական տվյալները։ Եթե այս ուղղությունը փակվի հայ արտահանողների համար, ոչ միայն նրանք են լրջագույն խնդրի առջև կանգնելու, այլ Հայաստանի ողջ տնտեսությունը։ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցից հետո ռուսական կողմից հստակ ահազանգեր են հնչում՝ կվատթարանան հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանը կունենա խնդիրներ։ Խոսքն, իհարկե, գազի սակագնի, գյուղատնտեսական (և ոչ միայն) ապրանքների արտահանման մասին է։ «Բոլոր հետևանքների մասին խոսեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հարցազրույցում։ Բայց նաև պետք է նկատի ունենալ, որ ռուսական կողմը մշտապես նշում է՝ եթե անգամ իրենք չգնան այդ քայլերին, բայց եթե Հայաստանը փորձում է դառնալ Եվրոպական միության անդամ, ԵՄ-ն իր այն բոլոր գործընկերներից, հատկապես այն երկրներից, որոնք ցանկանում են դառնալ միության անդամ, պահանջում է ընդունել բոլոր այն պատժամիջոցները, որոնք ընդունել է Ռուսաստանի դեմ։ Օրինակ՝ նույն ավիափոխադրումների դադարումը։ Պետք չէ մոռանալ, որ ԵՄ-Վրաստան և ԵՄ-Սերբիա հարաբերությունների ճգնաժամի մեջ գլխավոր պատճառն այն է, որ այդ երկրները չեն ընդունել բոլոր այն պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն ընդունել է ռուսական կողմի դեմ։ Հիշեցնեմ, որ Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշեց՝ իրենք հասկանում են, որ դա լուրջ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, բայց նույն Եվրոպական միությունը գնացել է տնտեսական լուրջ կորուստների՝ պատժամիջոցներ ընդունելով Ռուսաստանի դեմ և ակնկալում է նույնն իր գործընկերներից»,-եզրափակում է Հայկ Խալաթյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular