ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի և աշխույժ երեխա էր, դրա հետ մեկտեղ՝ շատ խելացի։ Երեք տարեկանում արդեն «Չարի վերջը», «Ես իմ անուշ Հայաստանին» անգիր գիտեր։ Տատիկն էր սովորեցրել։ Փոքր տարիքում երգել էր սիրում։ Կանգնում էր աթոռի վրա և երգում ու արտասանում էր։ Հաճախեց մանկապարտեզ։ Շատ հետաքրքրասեր էր, սիրում էր ամեն ինչից հարցնել։ Մանկապարտեզի դաստիարակչուհին ասում էր՝ կեսօրին չէր ուզում քնել, որ անընդհատ հարցեր տար։ Գանգուր մազերի համար իրեն «խուճուճ» էին ասում։ Շատ կենսուրախ մարդ էր, ես իրեն գոնե մեկ օր տխուր չեմ տեսել։ Շատ հարմարվող, բարի, ընկերասեր, կենդանասեր տղա էր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Էմիլ յան՝ Սպարտակի մայրիկը։

Սպարտակը ծնվել է Սյունիքի մարզում՝ Ագարակ քաղաքում, զինվորականների ընտանիքում։ 2014 թվականին ընտանիքը Ագարակից տեղափոխվում է Եղեգնաձոր։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ լավ է սովորել։ «Հրաշալի գիտեր հայոց պատմությունը, տիրապետում էր բոլոր իրադարձություններին, թվականներին ու փաստերին։ Շատ լավ գիտեր նաև հայոց լեզուն։ Բոլոր առարկաներն էր սովորում, բայց կարծես կենտրոնացել էր «Հայոց պատմություն» առարկայի վրա։ Իրեն դպրոցում բոլորն էին սիրում՝ ուսուցիչները, դասընկերները»։

Դպրոցն ավարտելուց հետո Սպարտակն ընդունվել է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ «Ուզում էի, որ նա բժիշկ դառնար, մեկ տարի պարապեց, բայց ասաց. «Մամա՛, սա իմը չի։ Իմը հայոց լեզուն և հայոց պատմությունն է»։ 12-րդ դասարանում՝ դպրոցում, երբ պատմության ուսուցիչը չէր գալիս, նա իրենից ցածր դասարանում փոխարինում էր նրան։ Սպարտակս ուզում էր դեսպան դառնալ արաբական երկրներում։ Ընդունվեց բուհ, միշտ ասում էր՝ եթե սովորեմ, ուրեմն միայն պետական համալսարանում։ 0,25 բալ չհերիքեց, և ընդունվեց վճարովի համակարգ։ Բանակում էր ծառայում, այդպես էլ չիմացավ, որ անվճար համակարգ է տեղափոխվել։ Ընդունված ուսանողներից մեկը դուրս էր եկել համալսարանից, նրա փոխարեն Սպարտակն էր անցել անվճար համակարգ»։

Զինվորական ծառայության մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին ուզում էր ծառայել, բայց մյուս կողմից էլ ասում էր՝ ավելի լավ կլիներ, որ այս երկու տարին սովորեի։ «Շատ էր ուրախացել, որ ընդունվել է, ուզում էր ուսանող դառնալ։ Երազանքը դեսպան դառնալն էր»։ Բայց, ավաղ, ոչ միայն դեսպան, այլ առհասարակ ուսանող լինելու Սպարտակի ցանկությունն անկատար մնաց։

2019 թվականի հուլիսի 19-ին Սպարտակը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Ծառայության ժամանակ նա երբեք որևէ բանից չի դժգոհել։ Միայն պատերազմի ժամանակ մեկ օր շատ տխուր էր, ասաց, որ հոգնել է։ Երբեք չի բողոքել ծառայությունից, ուղղակի կարոտում էր։ Անգամ պատերազմի ժամանակ էր ասում, որ ամեն ինչ լավ է։ Հայրիկի պես Սպարտակս էլ է հրետանավոր եղել։ Լավ ծառայության համար խրախուսվել է «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Պատերազմից առաջ նաև սերժանտի կոչում էր ստացել։ Իսկ արդեն պատերազմի ժամանակ զանգահարեց. «Մա՛մ, ուզում են ինձ միանգամից լեյտենանտի կոչում տալ, համաձայնե՞մ»։ Ինքն էլ իր հարցին պատասխանեց. «Մա՛մ, չեմ համաձայնել, այդ դեպքում պատերազմից հետո ինձ կպահեն բանակում՝ որպես սպա, իսկ ես չեմ ուզում, ես ուզում եմ սովորել»։ Հինգ զինակից ընկերներին էին նույնն առաջարկել, երեքը համաձայնել էին, Սպարտակս ու ընկերը՝ հրաժարվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին հերթապահության էի, ես արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվում։ Սպարտակին զանգահարեցի, հարցրեցի, թե ինչ կա։ Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, հարցրեց՝ ձեզ մոտ ի՞նչ կա։ «Մեզ մոտ լարվածություն կա»։ Սպարտակը ծիծաղեց անգամ, շատ հանգիստ ձայնով էր խոսում։ Բայց իրենց արդեն դիրքեր էին տարել։ Սեպտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին իրենից որևէ նորություն չեմ ունեցել։ 30-ին զանգահարեց. «Մա՛մ, ես ողջ-առողջ եմ, փրկվել եմ, նահանջում ենք Մատաղիսից, գալիս ենք Դրմբոն»։ Հետո արդեն ընկերներից իմացա, որ այդ օրերին արկն ընկել է, նա գլխի ցնցում է ստացել, տեսողությունն է անգամ վատացել, դրա համար չի կարողացել զանգահարել»։

Դրանից հետո Սպարտակն ամեն օր զանգահարել է մայրիկին։ «Նոյեմբերի 8-ին չզանգահարեց, շատ նեղված էի։ Ամուսինս կարողացավ կապ հաստատել ծանոթների հետ, որ վերջիններիս օգնությամբ կապվեինք Սպարտակիս հետ։ Ուղղակի ուզում էինք իր ձայնը լսել։ Նոյեմբերի 9-ի առավոտյան զանգահարեց՝ ամեն ինչ նորմալ է։ Ասաց, որ ուզում է նաև հայրիկի հետ խոսել։ Խոսել էր նաև հայրիկի հետ, դրանից հետո իր հետ կապը կտրվեց։ Հաջորդ օրն իմացանք, որ տղաս զոհվել է»։

Սպարտակը զոհվել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ի և «Մարտունի 3»-ի միջանկյալ հատվածում։ «Անօդաչուի բեկորը ոտքի մայր երակն է ծակել։ Արնահոսել է, ցանկացել են տեղափոխել, կես ճանապարհին մահացել է»։ Սպարտակը շուտ է «տուն հասնում», մայրիկն ասում է՝ որդուն կարողացավ հրաժեշտ տալ, մարմինը վնասված չէր, միայն այդ փոքրիկ վնասվածքն էր։ «Բայց կարծես 10 տարով ծերացած լիներ»։

Սպարտակն ընկերուհի ուներ, պատրաստվում էր պատերազմից վերադառնալուց հետո ամուսնանալ։ Նրա կրտսեր եղբայրն էլ է պատերազմի ժամանակ բանակում ծառայելիս եղել։ «Հայկս նորակոչիկ էր, մեկ ամիս եղել է մարտի դաշտում։ Փոքրս հրաշքով է փրկվել»։

Տիկին Էմիլ յան նշում է՝ որդին երբեք չի մտածել մարտի դաշտը լքելու մասին։ «Ասում էր. «Եթե նման բան անեմ, մա՛մ, ինչպե՞ս կարող եմ մարդկանց աչքերին նայել։ Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ։ Երբեք չեմ լքի մարտի դաշտը, որ իմ վրա պիտակ կպցնեն»։ Երբեմն ամուսնուս հետ զրուցում ենք այս մասին, նա միշտ ասում է՝ նա երբեք չէր գա, եթե անգամ գնայինք իր հետևից։ Իրենց դիվիզիոնը վերջին օրերին չէին տանում առաջնագիծ, բայց նա իր ընկերների հետ գնացել է. «Չեմ կարող իմ ընկերներին մենակ թողնել»։ Հենց նրանք են պատմում, որ շատ թեժ մարտերի մեջ է եղել Մատաղիսում, Քարինտակում, Կարմիր շուկայում, Շուշիում, Մարտունիում։ Որպես հրետանավոր՝ այնքան ճիշտ են եղել Սպարտակիս հաշվարկները, որ մեծ վնասներ են հասցրել թշնամուն։ Չեմ կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ զինադադարի կնքումից ժամեր առաջ է զոհվել։ Իր ամենամոտ ընկերը՝ Նարեկը, Ագարակ քաղաքից էր, անվճար սովորում էր Բժշկական համալսարանում։ Նորակոչիկ էր, առաջին արկն ընկել էր, ու նա զոհվել էր։ Սպարտակս անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, Նարեկից ի՞նչ կա։ Իրեն չէի ասում, որ ընկերը զոհվել է, բայց հետո Սպարտակս գլխի ընկավ։ Հաճախ ասում էր. «Մա՛մ, Նարեկի համար էլ եմ կռիվ տալիս, ոչ միայն ինձ համար»։

Սպարտակիս ասում էի՝ ուզում եմ կամավոր քեզ մոտ գալ։ «Մա՛մ, սա քո տեղը չի»։ Բոլորիս մասին մտածում էր։ «Մամա՛, մանկության տարիներին այն սարսափ ֆիլմերը, որ տեսել եմ, դրանք այս պատերազմի դիմաց ոչինչ են։ Այնքան բան եմ տեսել, որ վերադառնամ, ամեն ինչ պատմելու եմ»։ Բայց չեկավ ու չպատմեց»։

Ապրելու ուժի մասին։ «Հայկս դարձավ մեր կյանքի շարժիչ ուժը։ Մի օր ինձ ասաց. «Մամա՛, հետ մի՛ նայիր, առաջ նայի՛ր, ոչ մի բան չես կարող հետ բերել»։ Սթափվեցի։ Հայկս ամեն ինչ անում է, որ մեզ համար լավ լինի։ Որպես եղբայրներ՝ շատ կապված էին իրար հետ»։

Հ. Գ. - Սերժանտ, հրետանավոր Սպարտակ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular