Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹյուրքական պետությունների կազմակերպության կառավարությունների ղեկավարների/փոխնախագահների հանդիպման մասնակիցների համար կազմակերպված ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացման մասին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Ըստ Ալիևի՝ ճանապարհը գրեթե 90 տոկոսով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70 տոկոսով։
«Հուսով եմ, որ այս նախագիծը մոտ ապագայում լիովին կիրականացվի։ Մենք գիտակցում ենք և շատ ուրախ ենք, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը։ Այսպիսով, այս նախագծերի ինտեգրումը և համակարգված իրականացումը կբացի նոր կարևոր միջազգային միջանցք։ Սա կլինի Միջին միջանցքի մի ճյուղ։ Մեր կառուցած երկաթուղային ենթակառուցվածքը սկզբնապես նախատեսված է 15 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար։ Սակայն այս թիվը կարող է աճել ապագայում, և, հավանաբար, կաճի։
Ամեն դեպքում, 15 միլիոն տոննա տարողությամբ նոր միջանցքի բացումը հսկայական նշանակություն ունի ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների և մեր կազմակերպության նպատակներն են խաղաղությունը, համագործակցությունը, անվտանգությունը, փոխադարձ հարգանքը և ընդհանուր շահերը», – նշել է պետության ղեկավարը։